Երեկ` ապրիլի 10-ին, կրակոցեր են հնչել Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 23։20-ի սահմաններում ոստիկանության Գորիսի բաժին «Գորիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի վերք, ձախ անոթափոսի վերք հրազենային բնույթի» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել քաղաքացու դի։
Իրավապահները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 23։00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Գետափնյա փողոցի 13 շենքի հարևանությամբ Գորիսի բնակիչ 32-ամյա Հարություն Սինանյանը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող հրազենով կրակել է Գ․ Խաչատրյանի վրա, ինչն էլ դարձել է վերջինիս մահվան պատճառ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 3 հատ կրակված պարկուճներ, դանակ և արնանման հետքեր։
Աղբյուրի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով որոնվող Հ․ Սինանյանը Գորիսում հայտնի ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչներից մեկի ընկերն է։ Գորիսի քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։