Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը տեղի է ունեցել մաթեմատիկական միջազգային ուսանողական 26-րդ օլիմպիադան (International Mathematics Competition)։ Օլիմպիադային մասնակցել են աշխարհի 77 համալսարանի թիմեր (360 մասնակից): Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԿԳՄՆ նախարարության մամուլի ծառայությունը։
Օլիմպադայում Հայաստանը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի թիմը, որի վեց մասնակիցներից երեքը՝ Ալբերտ Գևորգյանը, Արսեն Համբարձումյանն ու Գրիգոր Քերոբյանն արժանացել են ոսկե, իսկ Վահագն Ալթունյանը, Սևակ Աբրահամյանը և Արման Բայրամյանը՝ արծաթե մեդալների:
Օլիմպիադան անցկացվել է և՛ անհատական, և՛ թիմային հաշվարկներով: Ալբերտ Գևորգյանն անհատական հաշվարկում կիսել է 19-21-րդ տեղերը: Թիմային առաջնությունում Երևանի պետական համալսարանի թիմը գրավել է 13-րդ տեղը:
Ուսանողական միջազգային օլիմպիադայի ԵՊՀ-ի թիմը ղեկավարել է ԵՊՀ և ՀԱՀ դասախոս Կարեն Քեռյանը, ով թիմի ղեկավարներից արդյունավետությամբ 3-րդն էր: ԵՊՀ թիմը մարզել են Վազգեն Միքայելյանը և Կարեն Քեռյանը: