Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Սկսած 1915 թվականից տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք քննադատում են հայերի կոտորածը։
Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:
Հայոց ցեղասպանությունն առաջինը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Ուրուգվայը` 1965թ.-ի ապրիլի 20-ին:
Ռուսաստանի Դուման 1995թ.-ի ապրիլի 14-ին ընդունել է հայտարարություն, որով դատապարտում է Հայոց Ցեղասպանությունը և ապրիլի 24-ը համարում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
1982թ. Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ Արամ Կալադջյանի նախաձեռնությամբ Կիպրոսի խորհրդարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը:
Հունաստանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել 1996թ.-ի ապրիլի 25-ին: Նույն թվականի ապրիլի 23-ին Կանադայի խորհրդարանն ընդունեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող որոշում: Իսկ 2002թ.-ի հունիսի 13-ին Կանադայի Սենատն արդեն ընդունեց որոշում, որով ճանաչում է Հայոց Ցեղասպանությունը:
33 իտալական քաղաքներ ընդունել են Հայոց Ցեղասպանությունը: Առաջինը եղավ 1997-ին: Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը Իտալիայի խորհրդարանում քննարկվել է 2000թ.-ի ապրիլի 3-ին:
1997թ. ապրիլի 3-ին Լիբանանի Ազգային Ժողովն ընդունեց որոշում, որով ճանաչում է ապրիլի 24-ը` Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Որոշումը կոչ է անում Լիբանանի ժողովրդին այդ օրը լինել հայ ժողովրդի կողքին: 2000թ. մայիսի 12-ին Լիբանանի խորհրդարանը ընդունեց և դատապարտեց Ցեղասպանությունը:
1997թ. ապրիլի 17-ին Հարավային Ավստրալիայի Նոր Ուելս նահանգը ընդունել է որոշում, որով ընդառաջ գնալով տեղի հայ համայնքին, դատապարտել է 1915թ. տեղի ունեցած դեպքերը: 2009թ.-ի մարտի 27-ին Հարավային Ավստրալիայի խորհրդարանը ընդունեց նոր որոշում, որով դատապարտում է Հայոց Ցեղասպանությունը:
2001թ.-ի հունվարի 18-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն բանաձև ընդունեց, որի համաձայն` Ֆրանսիան ճանաչում է 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը:
2015-ի մայիսի 27-ին Բրազիլիայի Դաշնային Սենատը միաձայն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած No 550/2015 բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը։
2015 թվականի հոկտեմբերի 29-ին Պարագվայի Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող և ընդունող բանաձև։
2016 թվականի հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց «1915 թվականին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» բանաձևը։
2017 թվականի ապրիլի 25-ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանը 104 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։
2019 թվականի ապրիլի 26-ին Պորտուգալիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
2019 թվականի հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ 2019 թվականի դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը նախորդ տարի պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ այդ եզրույթը երկու անգամ օգտագործելով իր ապրիլքսանչորսյան ուղերձում:
2021-ին ընդունվել է Լատվիայի Սեյմայի դեկլարացիան։
Նշենք նաև, որ մի շարք երկրներ ընդունել են Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ։
Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ և այլն։