Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 22-ին այցելել է Հաղարծնի վանական համալիր: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է 10-րդ դարի վանական համալիրում, մոմ վառել, ունկնդրել հոգևորականների շարականը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Վանական համալիրի բակում Արմեն Սարգսյանը շփվել է այցելուների և զբոսաշրջիկների, Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի սաների հետ:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահն ասել է, որ հայրենաճանաչության իր առաջին ուսուցիչն ու ուղեկիցը վաղ տարիքից եղել է հայրը, ով ճարտարապետ էր, հայ հին ճարտարապետության մասնագետ:
«Այստեղ առաջին անգամ եղել եմ 4-5 տարեկանում: Ամեն անգամ գալով նույն բանը հայտնաբերում ես ուրիշ կերպ»,-ասել է Արմեն Սարգսյանը:
Արմեն Սարգսյանը նշել է, որ վանական համալիրն իր համար նաև պետականության խորհրդանիշ է:
«Այս հրաշքն ինձ համար լրացուցիչ խորհուրդ ունի, այն պետականության խորհրդանիշ է, քանի որ ոչ միայն հոգևոր, այլև պետականության կենտրոն է եղել։ Կարծում եմ՝ մեր երիտասարդների համար էական է, որ ոչ թե մեխանիկորեն իմանանք պատմությունը, այլ զգանք, գնահատենք այն: Հասկանանք, որ պետականությունը չի ստեղծվել երեկ, 30 կամ 100 տարի առաջ: Մենք հարյուրամյակներ, հազարամյակներ առաջ պետականություն ենք ունեցել և՝ ուժեղ պետականություն: Մեզնից յուրաքանչյուրը պետք է խորապես գնահատի իր եկեղեցին և պետականությունը: Մեր գործն այդ պետականությունը շարունակելն է 21-րդ դարում»,- նշել է Արմեն Սարգսյանը։
Ի պատասխան հարցին, թե ինչ ուղերձ նախագահը կհղի Տավուշի մարզի երիտասարդությանը, Արմեն Սարգսյանը մասնավորապես ասել է, որ իր ուղերձը շատ պարզ է. «Երևանն, իհարկե, մեր մայրաքաղաքն է, բայց մեր հայրենիքը Երևանից ավելի մեծ է, յուրաքանչյուր անկյուն իր գեղեցկությունը, հմայքը, արժեքն ու նշանակությունն ունի»: