Երևան քաղաքում շարունակվում են անհնազանդության ակցիաները։ Ոստիկանությունն էլ շարունակում է բերման ենթարկել ակտիվիստներին։
ՀՀ ոստիկանությունից Armenia Today-ին տեղեկացրին, որ Աբովյան փողոցից բերման է ենթարկվել 10 ակտիվիստ, իսկ «Մարիոթ» հյուրանոցի մոտից՝ 14։ Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար, այն է` ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
Նշենք, որ ապրիլի 17-ից անժամկետ բողոքի ակցիա և նստացույց հայտարարած ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ու իր կողմնակիցները փակել էին Արշակունյանց պողոտան։
Ոստիկանությունից փոխանցեցին, որ Արշակունյաց պողոտայից էլ բերման են ենթարկվել 15 ակտիվիստ։
Հավելենք, որ «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ խաղաղ անհնազազանդության ակցիա իրականացնելիս բերման են ենթարկվել շուրջ 20 իրազեկման ակցիայի մասնակիցներ։
Նա մանրամասնել է, որ բերման ենթարկվածների թվում են «Հայրենիք» կուսակցութան անդամները և Արթուր Վանեցյանի որդին՝ Արտյոմ Վանեցյանը։
Հիշեցնենք, որ «Դիմադրության շարժումը» և ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ու իր կողմնակիցներն իրազեկման երթեր և բողոքի ակցիաներ են անցկացնում։
Այս օրերին նաև ՀՅԴ և ՀՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչներն են մայրաքաղաքի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ իրականացնում։