Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները գիշերել են ՀՀ գլխավոր դատախազոււթյան շենքի դիմաց։ Այսօր ևս նրանք շարունակում են իրենց բողոքի ակցիան։
Զոհվածների ծնողները պահանջում են սեղմ ժամկետներում միջնորդությանը լուծում տալ և որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կալանավորել նրան, քանի որ վստահ չեն՝ հինգ օրվա ընթացքում Փաշինյանը կլինի Հայաստանում, թե՞ կդիմի փախուստի:
Զոհված զինծառայողներից մեկի ծնողը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ իրենց երեխաներին սպանողները պետք է պատասխան տան։
«Մեր երեխաների դահիճը պետք է պատասխան տա։ Սպանել է մեր երեխաներին, պետք է պատասխան տա»,- ասաց ծնողներից մեկը և կոչ արեց զոհվածների ծնողներին ոտքի կանգնել և արդարադատություն պահանջել։
«Պարտադիր պետքա ուտել-խմելու տեղ լինի, որ հավաքվեք, մի՞թե ձեր երեխաների արյունն այդքան էժան արժեր, ուշքի՛ եկեք, եթե ոչ ծնողները, էլ ո՞ւմից ինչ պահանջենք, հավաքվեք, ուշի եկեք»,- ասաց զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանը։
Ծնողները շեշտեցին, որ իրենց ակցիան ապաքաղաքական է։
Արցախում զոհված զինվոր Մխիթար Գալեյանի հայրն էլ հարց բարձրացրեց, թե արցախյան հողում հազարավոր լիտրերով արյուն է թափվել, տանք մեր տղերքի արյունն Ադրբեջանի՞ն։
Մեկ այլ ծնող էլ ասաց․ «Ես շատ եմ զարմանում, որ այսքան իրադարձություններից հետո մեր ժողովուրդը դեռ քնած է։ Մեր տղերքը հողի համար են զոհվել, իսկ իրենք ասում են, թե հանուն ոչնչի են զոհվել։ Ադրբեջանն ու Թուրքիան մեր դարավոր թշնամիներն են, հիմա ուզում են սահմանները բացեն։ Ուզում եմ ճանապարհները բացեն, որ թուրքերը գան լցվեն, դառնա Վրաստանի պես։ Մենք մեր պատմությունն ինչպե՞ս մոռանանք»։
Հիշեցնենք, որ արդեն երկու օր է՝ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողեները բողոքի ակցիա են անցկացնում Դատախազության շենքի դիմաց։ Նրանց հետ հանդիպել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, սակայն, հանդիպումն ընդհատվել է, երբ ծնողները վարկարկել են՝ «Նիկոլ դավաճան»։
Նրանց հետ հանդիպել է նաև գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը և քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազ Արմեն Մուրադյանը։
Հանդիպման ժամանակ դատախազը նշեց, որ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է 5-օրյա ժամկետ՝ միջնորդության լուծման համար, ինչից հետո իրավիճակը լարվեց, ծնողների և դատախազության ներկայացուցիչների միջև վիճաբանություն տեղի ունեցավ, ապա ծնողների մի մասը որոշեց գիշերել դատախազության շենքի մոտ՝ պահանջելով առավել սեղմ ժամկետներում միջնորդությանը լուծում տալ։
Իսկ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ միջնորդությունը, որտեղ ծնողները պահանջում էին իրենց զոհված զավակներին ճանաչել տուժող, իսկ իրենց՝ իրավահաջորդներ, ըստ էության, բավարարված է։
Ըստ գլխավոր դատախազի խորհրդականի՝ հաջորդ միջնորդությունը, որը ներկայացրել էր Արա Զոհրաբյանը և պահանջում էր Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ գործում ներգրավել, ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե։
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ժամանակ հայտարարել էր, թե կարող էր կանգնեցնել պատերազմն ավելի վաղ, ունենալու էին նույն արդյունքը, առանց զոհերի, բայց ինքը չի կանգնեցրել։
Այս արտահայտությունն էլ վրդովեցրել էր զոհվածների ծնողներին։