Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում հունիսի 9-ին տեղի ունենացավ «Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից (13-14-րդ դարեր) խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացումը։
Ցուցահանդեսը կազմակերպվել էր Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վինչենցո Դել Մոնակոյի նախաձեռնությամբ՝ Հայաստանի ու Իտալիայի Հանրապետությունների նախագահների բարձր հովանու ներքո։
Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի թղթակցի հետ զրույցում Մատենադարնի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը նշեց, որ այս ցուցադրությունը Հայաստանում եզակի երևույթ է, Հայաստան են բերվել 3 ձեռագրեր, որոնք Հայաստանում ցուցադրվելու են 7 ամիս շարունակ:
Ցուցադրության առանձնահատկությունն այն է, որ կիրառվում են ժամանակակից նորարարական տեխնոլոգիաներ, որոնք այցելուներին հնարավորություն են տալիս, սենսորային էկրանի օգնությամբ, ձեռագրերի ցուցադրությանը զուգահեռ, ինտերակտիվ մուլտիմեդիա համակարգով դիտել և թերթել ձեռագրերի թվային էջերը։ Այսկերպ այցելուները հնարավորություն են ստանում դիտելու ձեռագրերի ողջ պարունակությունը:
Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերազանցություն պարոն Վինչենցո Դել Մոնակոն, Իտալիայի Հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ պրոֆեսոր Մասսիմո Ինգուշիոն, Լաուրենցիանայի գրադարանի տնօրեն Աննա Ռիտա Ֆանտոնին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցուցահանդեսի պաշտոնական բացման խոսքում նշեց, որ այս ցուցադրությանը յուրօրինակություն է հաղորդում այն հանգամանքը, որ ցուցահանդեսը բացվեց Մտքերի հայկական գագաթնաժողովի վերջին օրը։
Հատկանշական է, որ Իտալիայի արվեստների քաղաք Ֆլորենցիայի Մեդիչիների Լավրենտյան գրադարանում պահվում է 14 հայերեն ձեռագրեր: Այդ ձեռագրերից 3-ը՝
•Սուրբ Մարկոսի հավաքածու
•Պլուտեուսի հավաքածու
•Աշբուրնհամի հավաքածու, կցուցադրվեն Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում։
Այս ցուցահանդեսը բացառիկ է Հայաստանի ու հայ ժողովրդի համար, քանի որ 60 տարվա ընդմիջումից հետո՝ առաջին անգամ, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հյուրընկալում է բարեկամ երկրում պահվող հայկական միջնադարյան ձեռագրային արժեքավոր հավաքածուները: Ավանդաբար, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրերի հավաքածուից բազմաթիվ ձեռագրեր ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում։
Այցելուների համար այս ցուցադրությունը հրաշալի հնարավորություն է ծանոթանալու Մեդիչիների Լավրենտյան գրադարանում պահվող հայկական միջնադարյան արժեքավոր ձեռագրերին, գնահատելու միջնադարի հայկական մշակութային գլուխգործոցները և, առհասարակ, պատկերացում կազմելու հայրենիքից դուրս ստեղծագործած տաղանդաշատ հայ գրիչների թողած մշակութային ժառանգության մասին։
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վինչենցո Դել Մոնակոն, մեր թղթակցի հետ զրույցում, նշեց, որ ձեռագրերի ցուցադրությունը հետաքրքիր նախաձեռնություն է երկկողմ մշակութային համագործակցության ոլորտում: Դեսպանը նույնպես եզակի երևույթ համարեց ձեռագրերի տեղափոխությունը և ցուցադրությունը Հայաստանում և հույս հայտնեց, որ Իտալիայում պահվող մյուս 11 ձեռագրերը նույնպես կբերվեն Հայաստան: Նա նաև տեղեկացրեց այն նախաձեռնության մասին, որը նախատեսում է Հայաստանում գտնվող ձեռագրերի տեղափոխում Իտալիա և ցուցադրում իտալական տարբեր թանգարաններում և մշակութային կենտրոններում:
Մեդիչիների Լավրենտյան գրադարանում պահվող ձեռագրերը վկայում են, որ հայերը Իտալիայում հաստատվել են դեռևս միջնադարում և թողել մշակութային արժեքավոր ժառանգություն։
Նշենք, որ այսօրվանից սկսած՝ մինչև տարեվերջ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կցուցադրվեն Մեդիչիների Լավրենտյան գրադարանում պահվող հայկական միջնադարյան արժեքավոր 14 ձեռագրերից 3-ը։