Վերջին օրերին համացանցում տարածվում են որոշ տեսանյութեր, որոնք երեխայի լավագույն շահերի ապահովման տեսանկյունից խիստ մտահոգիչ են։ Այս մասին հայտարարություն է տարածել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
«Տեսանյութերում երեխաները մասնակցում են հավաքների, որոնց ընթացքում վերջիններիս ներկայությամբ ոչ միայն հնչում է ատելության խոսք, այլև երեխաներն իրենք են բառացիորեն կրկնում նույնը։ Լինելով երեխաների հիմնահարցերի ոլորտը համակարգող գերատեսչություն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անընդունելի է համարում երեխաների մասնակցությամբ ատելության խոսք, բռնության կոչ հնչեցնելը, նրանց քաղաքական գործընթացներում ներքաշելը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Նախարարությունից հորդորում են երեխաների ծնողներին ու խնամակալներին պարտադիր առաջնորդվել նրանց լավագույն շահով․ հավաքներին ապահովել երեխայի մասնակցությունն այն դեպքում, երբ վերջինս այն տարիքում և այն հասունության է, որ գիտակցում է իր մասնակցությունն ու անհրաժեշտությունն իրացնելու իր այդ իրավունքը: