Առաջիկայում մայրաքաղաքում սպասվող լայնածավալ ծրագրերի շարքում են ոչ միայն նախկինում հայտարարված Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, այլև ևս մեկ միջանկյալ կայարանի կառուցում «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ և 250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը։ Այս մասին Facebook-ի էջում տեղեկացրել է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Այս ծրագրերն էապես վերափոխելու են Երևանի ողջ տրանսպորտային համակարգը և լուծելու են օդի աղտոտվածության՝ Երևանի համար լրջագույն դարձած խնդիրը։
Երեկ, ՎԶԵԲ-ի 2022թ.-ի տարեկան ժողովի շրջանակներում, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպեցինք ՎԶԵԲ-ի Եվրասիայի տարածաշրջանի ենթակառուցվածքային ծրագրերի գծով տնօրեն Եկատերինա Միրոշնիկին և Կովկասի գծով տարածաշրջանային տնօրեն Կատարինա Հանսեին։
Ի թիվս այլ հարցերի, քննարկեցինք վերոնշյալ ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները»,- մանրամասնել է Ավինյանը։
Հիշեցնենք՝ ապրիլի 28-ի Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վաղուց քննարկվում է Երևանում Աջափնյակ կայարան կառուցելու հարցը և հնարավորությունը: Նա նշել է, որ Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանը կառուցելու համար հայտարարված մրցույթում կա հաղթող:
Նրա խոսքով` «Parking City Service» ընկերության կողմից Երևան համայնքին հասցված 850 մլն դրամի վնասի փոխհատուցման 750 մլն դրամը կուղղվի կայարանի նախագծման աշխատանքներին: