Վերջին օրերին արձանագրվում են որոշ անձանց կողմից ճանապարհային երթևեկության խոչընդոտներ ստեղծելու դեպքեր, այդ թվում՝ նաև խմբակային տեղաշարժերի միջոցով: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Ոստիկանությունից նաև տեղեկացնում են, որ վարորդների մասնակցությամբ այդպիսի խմբակային տեղաշարժերը ոչ միայն խախտում են ՃԵԿ կանոնները, խանգարում երթևեկությանը, այլև ստեղծում են երթևեկության անվտանգության սպառնալիք: Այդ կարգի գործողությունները իրավախախտում են և առաջացնում են վարչական պատասխանատվություն:
Ոստիկանությունից կոչ են անում վարորդներին՝ զերծ մնալ իրավախախտումներից, երթևեկությանը խոչընդոտելու միջոցով այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը սահմանափակելու փորձերից և պահպանել համակեցության կանոններն ու փոխադարձ հարգանքը երթևեկության բոլոր մասնակիցների հանդեպ:
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր հինգ ուղղություններով Երևանի տարբեր փողոցներով անհնազանդության ավտոերթեր է իրականացնում։
Նշենք նաև, որ Մյասնիկյան պողոտայում ավտոերթի մասնակիցները որոշ ժամանակով դադարեցրին ընթացքը։