«Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից ողջ մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Այս պահին Աջափնյակ համայնքում փակ է Հալաբյան-Արզումանյան խաչմերուկը։ Ավելի ուշ փակվել է նաև Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկը։
Armenia Today-ին ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ բերման ենթարկվածներ չկան։
Նախօրեին ոստիկանություն ընդհանուր հաշվով 364 մարդ է բերման ենթարկվել։ Երեկոյան մեծ հանրահավաքից ու քայլերթից հետո ընդդիմությունը որոշեց կրկնակի թափով շարունակել ակցիաներն այսօր։
Հիշեցնենք, որ Երևանում արդեն ավելի քան երկու շաբաթ է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։
Լրացված
Ժամը 10։28-դրությամբ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը նույնպես փակ է։
Ժամը 10։30-ի դրությամբ շարժման մասնակիցները նստացույց են անում Ծիծեռնակաբերդի խճուղում։
Փակվել է նաև Կիևյան-Օրբելի խաչմերուկը, Աբովյան-Թումանյան փողոցը։