Արգավանդ-Շիրակ ավտոճանապարհի կամուրջի շինարարությունը հաջողությամբ ավարտված է, իսկ կամուրջը հանձնվում է շահագործման։ Այս մասին Facebook-ի էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Այն «Հյուսիս-հարավ» ծրագրի բաղադրիչներից է, որի կառուցման հարցերը բազմիցս քննարկել ենք Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստերում և այդ ժամանակ էլ հաստատել այն։
Այսօր եկել է պահը` տեսնելու մեր որոշումների արդյունքները։ Արգավանդ-Շիրակ կամուրջը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Երևանի համար։
Լինելով Հրազդան գետի վրա կառուցված 5-րդ կամուրջը` այն էականորեն նպաստելու է նաև մայրաքաղաքում երթևեկության թեթևացմանը։ Մեծ ծրագրերը դեռ առջևում են»,- գրել է նախկին փոխվարչապետը։
Հիշեցնենք, որ 2019 թ. սեպտեմբերին Արգավանդ-Շիրակ ավտոճանապարհի կամուրջի հիմնարկեքի արարողությամբ ազդարարվեց Երևանի նոր ճանապարհային կարևոր հանգույցի շինարարության մեկնարկը։