ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության և քննչական դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ապացույցների բավարար համակցություն են ձեռք բերվել առ այն, որ տուրիստական գործունեությամբ զբաղվող մի շարք անձինք, նախնական համաձայնության գալով իրար հետ, շահադիտական նպատակով կազմակերպել են Հայաստանի Հանրապետության շուրջ երկու տասնյակ քաղաքացիների անօրինական միգրացիան օտարերկրյա պետություններ, որը կատարել են վերջիններիս կողմից օտարերկրյա պետություններ մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր և տեղեկություններ ներկայացնելով: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։
Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, տուրիստական գործակալություններում, որոնց արդյունքում հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր պատրաստելու համար նախատեսված սարքեր և սարքավորումներ, քաղաքացիների անձնագրեր, անօրինական միգրացիայի կազմակերպման համար անհրաժեշտ ակնհայտ կեղծ փաստաթղթեր, հանցագործության կատարման համար նախատեսված այլ իրեր ու առարկաներ։
ԱԱԾ-ից փոխանցում են, որ այս գործով հինգ անձ է ձերբակալվել։