«Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության անդամ, հադրութցի Արթուր Ստեփանյանն օրեր առաջ է վերադարձել Ստեփանակերտից։ Տեղյակ է, որ այնտեղ մեծ թափով բնակարանաշինության ծրագիր է իրականացվում․ 44-օրյա պատերազմի հետևանքով բնակարանը կորցրած արցախցիները կացարաններով կապահովվեն։
Նա Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Արցախում տարեվերջին շահագործման հանձնվող 600 բնակարաններից միայն 100-ն է հատկացվելու հադրութցիներին։
«Ամենաշատ փախստականները Հադրութի շրջանից են, ամենաշատն էլ հենց նրանք տան կարիք ունեն։ Բայց առաջնահերթությունը տրվելու է զոհվածի ընտանիքներին, առաջին և երկրորոդ կարգի հաշմանդամություն ունեցողներին և բազմազավակ ընտանիքներին»,- փոխանցեց մեր զրուցակիցը։
Բայց Արթուր Ստեփանյանը պնդում է՝ չի պատրաստվում երբեք իր ընտանիքին տեղափոխել Ստեփանակերտ։ Նրա խոսքով՝ Արցախում անվտանգ չէ։
Արթուր Ստեփանյանի դիտարկմամբ՝ Շուշիի մատացույցներից դեպի Ստեփանակերտ կառուցվող այլընտրանքային ճանապարհը դեռ կառուցման փուլում է, նույնիսկ ճանապարհի կառուցման համար շինարարական մրցույթ չեն հայտարարել։
«ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, երբ «դոշին» խփելով ասում է ամենաապահով ճանապարհն է լինելու, միանշանակ խաբում է։ Պատերազմի ժամանակ էլ էր սուտ խոսում՝ իբր օդը փակել են»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Արցախից տեղահանված քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց և ԱԳՆ-ի մոտ։ Նրանք պահանջում են, որ իրենց փախստականի կարգավիճակ տրամադրվի։