Տաթև-Աղվանի ճանապարհի երրորդ շերտ ասֆալտապատումն իրականացնելու համար ՀՀ կառավարությունը 1 մլրդ 45 մլն դրամ կհատկացնի։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ Տաթև-Աղվանի ճանապարհի շինարարությունն սկսվել էր դեռևս 44-օրյա պատերազմից առաջ։ Նախատեսված չէր, որ այն նման ծանրաբեռնվածությամբ պետք է աշխատի։ Ահա թե ինչու ի հայտ են եկել տարբեր խնդիրներ:
«Այժմ դրանք շտկված են, և պայմանագրում փոփոխություն ենք իրականացնում շինարարական ընկերության հետ, որպեսզի ևս մեկ շերտ ասֆալտապատվի»,- հայտնեց նախարարը։
Նշենք, որ Տաթև-Աղվանի Մ-2 12 կմ ճանապարհի ասֆալտապատման 2 շերտ արել է «Բիլդեր Քոնսթրաքշն» ընկերությունը։ Երրորդ շերտը ևս կանի նույն ընկերությունը։
Նշենք, որ ՀՀ 15 բնակավայրերում նույնքան սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար կառավարությունը 757 միլիոն դրամ կհատկացնի: Գումարը կհատկացվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին:
Ինչպես նիստի ժամանակ ասաց ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանը, ծրագրերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին․ փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը, գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ: