Երևանի քաղաքապետարանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ իրականացրել է եռօրյա վերապատրաստում՝ «Ֆինանսավորում հանուն Հայաստանի վերափոխման՝ բացահայտելով ֆինանսավորման աղբյուրները հանուն Հայաստան 2030-ի» ծրագրով՝ «ԿԶՆ բյուջետավորում» թեմայով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Դասընթացներին ներգրավված էին քաղաքապետարանի աշխատակազմի, այնպես էլ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ֆինանսական, եկամուտների հաշվառման և գանձման ոլորտի մասնագետները: Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կոնստանտին Սոկուլսկին:
Խոսելով տարբեր ոլորտներում ՄԱԶԾ հետ արդյունավետ գործակցության մասին՝ քաղաքապետն ընդգծել է աշխատակիցների շարունակական կրթության ու մասնագիտական զարգացման կարևորությունը:
«Թվային տեխնոլոգիաների զարգացման, տարեցտարի ավելացող տեղեկատվական հոսքերի հետ ինքնակրթությունը դառնում է անհրաժեշտություն: Եթե նմանօրինակ վերապատրաստման դասընթացների շնորհիվ որևէ նոր մոտեցում կարողանաք կիրառել մեր աշխատանքային առօրյայում, կարծում եմ, հաջողել ենք: Շնորհակալ եմ ՄԱԿ-ի մեր գործընկերներին այս ծրագրում իրենց ներդրում ունենալու և աջակցելու համար: Մենք շարունակելու ենք այն մի շարք այլ ուղղություններով ևս, քանի որ մեզ համար կարևոր է կադրերի մրցունակությունը, որը աշխատանքի արդյունավետության մեծագույն ցուցիչ է»,- նշել է Հրաչյա Սարգսյանը:
Կոնստանտին Սոկուլսկին իր հերթին նշել է, որ ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակը պատրաստ է շարունակել աջակցությունը Երևանի քաղաքապետարանին՝ ռազմավարական զարգացման ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև աշխատակազմի կարողությունների զարգացման նախաձեռնություններին:
«Կցանկանայի կարևորել և գնահատել Երևանի քաղաքապետարանի հետ մեր հաջողված և շարունակական համագործակցությունը բազմաթիվ նախագծերում: Ինչ վերաբերում է վերապատրաստմանը, ապա դասընթացների ընթացքում մասնակիցները նորարարական և ներառական մեթոդաբանությամբ կատարելագործում են իրենց հմտությունները առաջնորդության, հաղորդակցման, ֆինանսների և այլ ոլորտներում»,-նշել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարը: