«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգին մոտ կանգնած անձը, լսելով, որ արդարադատության նախարարը դատավոր Մնացական Մարտիրոսյանի դեմ կարգապահական վարույթ է սկսել, որոշ մանրամասներ ներկայացրեց անցյալից։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի դեմ մեղադրական դատավճիռը Մարտի 1-ի գործով կայացրել է հենց հայտնի Մացոն։ Երբ 2018-ին Փաշինյանը եկել է իշխանության, առաջին հրահանգներից մեկը եղել է․ «Մացոյին ասեք՝ դիմում գրի, գնա»։ Հրահանգը պետք է փոխանցեր Կենտրոն դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ով հետագայում դարձավ ԲԴԽ նախագահ։ Վարդազարյանը փորձել է պաշտպանել Մարտիրոսյանին եւ, որպես արգումենտ, շեշտել է, թե՝ շուտով դուք էլ եք գործեր ունենալու դատարաններում, ձեզ էլ են պետք գալու «Մացոյի նման» դատավորները»։
«Ժողովուրդ» օրաթերթիը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փաստաբան Տիգրան Մուրադյանը դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանին։ Իր դիմումի մեջ նա, մասնավորապես, նշել է. «Տեսչական մարմնի իրավասու պաշտոնյաները, հասկանալով, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնը գտնվում է բարձր ռիսկայնության խմբում եւ բացահայտված խախտումներով պայմանավորված՝ մարդկանց կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին բարձր ռիսկայնության վնաս հասցնելու վտանգ է ներկայացնում, հանդուրժել եւ որեւէ միջոց չեն ձեռնարկել «Սուրմալու» առեւտրի կենտրոնի գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ: Փոխարենը, խախտումները վերացնելու ժամկետ տրամադրելով, «Սուրմալու» առեւտրի կենտրոնը շարունակել է իր գործունեությունը, որով, ըստ էության, ստացվում է, որ հնարավորություն է տրվել շրջանցել այդ խախտումները եւ շարունակել գործունեությունը»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախի եւ Հայաստանի իշխանությունները Բերձորը, Աղավնոն, Ներքին Սուսը երեկ վերջնականապես հայաթափեցին՝ օգոստոսի 25-ն Ալիեւի սահմանած նախնական ժամկետն էր։ Սակայն վերջնաժամկետը երկարաձգվել է մինչեւ սեպտեմբերի 1-ը։ Դա է պատճառը, որ ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքից իրենց հենակետերը դեռ չեն ապամոնտաժել, շարունակում են իրենց գործառույթներն իրականացնել։ Բերձորն ադրբեջանցիների վերահսկողության տակ կանցնի մի քանի օրից։ Արցախի մեր աղբյուրների կարծիքով՝ առավելագույնը մեկ շաբաթից պատրաստ կլինի Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհի ժամանակավոր հատվածը։ Սակայն որոշ լուրեր կան, որ Բերձորից, այնուամենայնիվ, ռուս խաղաղապահները ոչ բոլոր հենակետերն են ապամոնտաժելու։ Ավելին, նոր ճանապարհի վրա էլ նրանց հենակետերից մեկը կդրվի Աղավնո գյուղում, եւ գյուղի մի հատվածում կտեղակայվի նրանց ռազմաբազան»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ֆեյսբուքում բացվել է ՔՊ նախընտրական առցանց հարթակը, ներքին «չաթը», որտեղ ՔՊ վարչության անդամների թեկնածուներն առաջիկա օրերին հանդես են գալու իրենց ծրագրերով, որպեսզի սեպտեմբերի 18-ին՝ ՔՊ համագումարում, կուսակցական ընտրիչներն ընտրեն «արժանավորներին»։ Երեկվա դրությամբ, սակայն, որեւէ թեկնածու դեռ քարոզարշավի դուրս չէր եկել, քարոզչական նյութեր չէին տեղադրել, անգամ ոչ բոլոր ընտրիչներն են միացել «չաթին»։ Ի դեպ, չնայած խոսակցություններ կային, որ ընտրիչների թիվն այս անգամ պակասեցվելու է, սակայն ՔՊ վարչությունում որոշում են ընդունել, որ վարչության ընտրությանը մասնակցելու են գործադիր եւ օրենսդիր մարմինների բոլոր կուսակցականները, նախկին ընտրիչները՝ շուրջ 300 հոգի, բոլոր համայնքների ավագանու կուսակցական անդամները, մարզպետները։ ՔՊ-ականների հաշվարկով՝ մոտ 1000 մարդ է ընտրելու 16 հոգանոց վարչությունը, թեպետ առաջադրվել է 48 հոգի»։