«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք գործադուլ են սկսել. հավաքվել են Կառավարության շենքի դիմաց և բողոքում են Քրիստափորի փողոցը փակ պահելու դեմ:
Առևտրականները նշում են, որ Yandex տաքսի հավելվածում զետեղված է, որ փողոցը փակ կլինի մինչև դեկտեմբերի 31-ը: Այս պայմաններում իմաստ չեն տեսնում վերադառնալ աշխատանքի: Քանի որ ԱԿ-ին հարող տարածքում այնպիսի հակասանիտարական վիճակ է, շինարարական աղբի այնպիսի կուտակում, որ որևէ մեկը դժվար թե իրենց մոտ առևտրի գնա: Բացի այդ՝ «Սուրմալու»-ի շենքը վթարային է և անհրաժեշտություն կա այն արագորեն ապամոնտաժելու: Ինչո՞ւ չի արվում:
Առևտրականները միտում են տեսնում փողոցը փակ պահելու մեջ, սակայն գոնե երկու հոգանոց ներկայացուցչությամբ վարչապետի հետ հանդիպում են պահանջում այդ միտումները հասկանալու համար:
«Միտումների ենթադրություններ շատ կարող են լինել, սակայն խաղաքարտերը չբացենք»,- ասաց առևտրականներից մեկը:
Նշենք, որ առևտրականներին թույլ տվեցին մտնել Կառավարության շենք և գրավոր ուղղել խնդիրները վարչապետին, խոստացան արագ արձագանքել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին նույնպես առևտրականները բողոք էին բարձրացրել: Նրանք նշել էին, որ չգիտեն, թե հաջորդ ամիս ինչպես են վարձը վճարելու։ Առևտրականները նշում են՝ գործադուլը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև հարցին լուծում տրվի և լինեն համապատասխան արձագանքներ։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով գրանցվել էր 16 մարդու մահ, ավելի քան 60 քաղաքացի մարմնական տարբեր վնասվածքներ էին ստացել։