«Այսօր ու միշտ մեր ամբողջ բուժանձնակազմը մեկ մարդու պես կանգնած է մեր երկրի պաշտպանության համար»,- Facebook-յան իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշել է, որ քաղաքացիական և զինվորական հոսպիտալները համակարգված աշխատում են անհրաժեշտ բժշկական օգնությունը հնարավորինս արագ և արդյունավետ իրականացնելու ուղղությամբ:
«Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի արդյունքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած անձինք շարունակում են բուժումը հանրապետության բժշկական կենտրոններում։
Այցով Սյունիքի մարզում եմ։ Եղել եմ Զանգեզուրի կայազորային հոսպիտալում, Կապանի, Գորիսի բժշկական կենտրոններում, Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնում, ծանոթացել բժշկական օգնության կազմակերպման ընթացքին։
Այցի ժամանակ ներկայացվեց Ադրբեջանի հավանական ագրեսիաների դեպքում բժշկական կենտրոնների պատրաստվածության աստիճանը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կողմից զոհերի թիվը 135 է, սակայն սա վերջնական թիվ չէ։ Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ևս 32 մարմին։ ՔԿ-ի ղեկավար Արգիշտի Քյարամյանի փոխանցմամբ՝ քաղաքացիական անձանց շրջանում 2 զոհ ունենք։
ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով մինչև 7,5 կիլոմետր խորությամբ։ Ըստ նրա՝ ադրբեջանցիները Ջերմուկի մատույցներից 4,5 կմ տարածության վրա են՝ հավելելով, որ Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 1,5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։