Armenia Today-ը հարցում է անցկացրել, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները վերաբերվում Ադրբեջանի հետ հնարավոր խաղաղության պայմանագիր ստորագրելուն։ Ավելի վաղ մամուլում հրապարակումներ էին հայտնվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին ասել է, որ մտադիր է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ։
Սպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակումից հետո հանության շրջանում ավելի ակտիվացան խաղաղության պայմանագրի մասին քննարկումները: Իրավիճակը սրվեց, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ԱԺ-ում հայտարարեց.
«Բայց ծանր որոշումներ չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ։ Մենք այդ որոշումներին պիտի գնանք՝ երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը ու խաղաղությունը։ Մենք չենք կարող այսօր վերնագրերի ներքո գրել «խաղաղության պայմանագիր», տակը ստորագրել, որից 6 ամիս հետո պատերազմ սկսվի։
Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29 800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Այն որոշումը, որը սա ապահովելու է, ես ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ»:
Եվ չնայած այն հանգամանքին, որ վարչապետը հերքել է մոտ ապագայում «ցավոտ փաստաթուղթ» ստորագրելու մտադրությունը, այդ օրը՝ սեպտեմբերի 14-ի երեկոյան և հաջորդ օրը տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել էին պահանջով՝ գործող վարչապետին իմպիչմենտի ենթարկել։
Armenia Today-ի հարցումը ցույց տվեց, որ քաղաքացիների մեծ մասը չի հավատում խաղաղության պայամանգրի կնքմանը. «Ադրբեջանը երբեք իր խոստումը չի կատարում, պետք է զինվել ու պատրաստվել, խաղաղություն չեն մուրում, պետք է պարտադրել խաղաղություն»,- նշում են քաղաքացիները: