Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրվա առիթով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Դիմելով Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ նա նշել է.
«2021 թվականին Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի շարքում ամրագրվեց ևս մեկը՝ Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրը, որը նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը: Հայաստանի ազգային փոքրամասնությունները, որպես աշխարհի ազգությունների ընտանիքի մի հատված, Հայաստանի բնակչության անքակտելի մասն են կազմում, որոնք իրենց ինքնության առանձնահատկություններով հարստացնում են Հայաստանը:
Ամրագրելով այս օրը մեր երկրի տոների ցանկում, միտում ունենք դրանով ևս հասարակության ուշադրությունը հրավիրել մեր երկրի փոքրաթիվ, բայց կարևոր հատվածի՝ կողք կողքի ապրող տարբեր ազգությունների ներկայացուցիչների, իրենց ինքնության, խնդիրների ճանաչման և լուծման վրա»:
Փաշինյանը նշել է, որ այս ճանապարհին աջակցությունը չի հապաղի:
«Շնորհավորում եմ Հայաստանի բոլոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին այս տոնի կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, խաղաղություն, առաջընթաց և հաջողություններ»-հավելել է նա: