Ղրիմի կամրջի պայթյունի տարր հանդիսացող ապրանքը տեղափոխող տրանսպորտային միջոցը Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է հասել 01.10.2022 թ-ի մոտավորապես ժամը 00:15-ին։ Ժամը 00:30-ի սահմաններում անցել է ռենտգեն զննում, որի արդյունքներով հաստատվել է այն նույն պատկերը, ինչը ստացվել էր ՀՀ ներմուծման ժամանակ իրականացված ռենտգեն զննման արդյունքում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ-ը՝ հրապարակելով տեսանյութ:
Ռենտգեն զննումից հետո՝ ժամը 00:38-ին, Բագրատաշենի մաքսային կետ-բաժնով ստացել է «ելք մաքսային մարմնից» կարգավիճակ:
Տարանցման հայտարարգիրը Վերին Լարս մաքսային կետում «ավարտված» կարգավիճակ ստացել է 05.10.2022 թվականին։
Այսպիսով, վերը նշված բեռի Հայաստանի Հանրապետության մուտքի, մաքսային հսկողության, ռենտգեն զննման, մաքսազերծման, փաստաթղթային ձեւակերպման, արտահանման գործընթացները տեղի են ունեցել պատշաճ և օրինական կերպով, բեռի ֆիզիկական, ՀՀ մուտքի և ՀՀ-ից ելքի ժամանակ իրականացված ռենտգեն զննության ընթացքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել:
Պահպանված են վերը նշված փաստերը հաստատող բոլոր փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև ռենտգեն զննող սարքի նկարները և տեսահսկման սարքերով արձանագրված շարժընթացը մաքսային հսկողության գոտիներում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ տեղափոխման մասնակիցների մեջ կա ազգությամբ հայ, որը ձերբակալված է: