Երկու տարի է ամենապիղծ պիտակավորումներով ինձ նվաստացնում են: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:
«Պատերազմի ժամանակ վարչապետի կինն ի՞նչ գործ ուներ հրամանատարական կետերում (բունկերներում), խրամատներում, զորամասերում, պոլիգոններում, գեներալների, սերժանտների, շարքայինների, ՄՈԲ-ի հետ նույն վայրերում։
Երկու տարի է` Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր մարդիկ իրենց ինտելեկտի, արժեքային համակարգի և բարոյական ընկալումների սահմաններում այս հարցերի շուրջ ինձ խոշտանգումների են ենթարկում, ամենապիղծ պիտակավորումներով նվաստացնում: Անկեղծ չգիտեմ, ո՞րն է նախընտրելի՝ մեռնելուց հետո կենդանիներն անշունչ մարմինդ հոշոտեն-պղծե՞ն, թե՞ հայրենակիցներդ ողջ-ողջ հոգիդ հոշոտեն, անունդ պղծեն»,-մասնավորապես գրել է նա:
Նա հռետորական հարց է հնչեցրել՝ արդյոք պատերազմի շրջանում վարչապետի կնոջ գտնվելու վայրի, նիստուկացի, հագուկապի և գործողությունների պրոտոկոլ գոյություն ունի։
«Գուցե գոյություն ունի, և գուցե ըստ այդ պրոտոկոլի վարչապետի կինը պետք է սահմանափակվեր բացառապես թիկունքային աշխատանքներով։ Տրամաբանական է։ Պարզապես, թիկունքում այդ ժամանակ տեղ չկար, մեծ խցանում էր առաջացել. 10 միլիոն մարդ թիկունքից աջակցում էր կրակի տակ ընկած 100-200 հազարին։
Չեմ կարող հասկանալ այն լայն համահայկական կրավորական դիրքորոշումը, որ երկու տարի է հարմար վիջավայր է ընձեռում իմ դեմ այդ պիղծ արշավն անարգել տանելու համար: Իսկ ո՞ւր մնացին «հայ ընտանիքը սուրբ է, հայ կինը/մայրը՝ սրբություն» հավատամքները։ Սրանք ո՞ւմ և ո՞ր օրերի համար են հռչակված: Հա, կներեք, հիշեցի, սուրբ են որդեկորույս հայ կանայք, որ հերոսներ են ծնել և տվել հայրենիքին: Եվ մեր կյանքում միշտ պետք է նման կանայք ունենանք, հենց այդպես՝ սևազգեստ կենդանի հուշարձաններ, որպեսզի «հայ կինը սրբություն է» ասելով, իմանանք, թե ո՛ւմ նկատի ունենք»,-գրել է նա:
նա նշել է, որ այսօր էլ Հայաստանում և հայկական աշխարհում կան մարդիկ, որ անցած ամբողջ աղետից հետո դեռ կարողանում են հրապարակային խոսք հնչեցնել ընդդեմ խաղաղության, հօգուտ պատերազմի:
«Դե իհարկե, եթե չլինի պատերազմ, չեն լինի նաև սևազգեստ մայրեր, ասել է թե՝ կմնան միայն հաստատված կամ պոտենցիալ անբարոյականները: Եվ մենք կզրկվենք մեր ներշնչանքի աղբյուր, մեր մեղքերի թողություն, մեր բոլոր հոգևոր թշվառությունների ու թուլությունների ապաստարան հայ կնոջ սուրբ կերպարից:
Եվ, այնուամենայնիվ, պատերազմ ընտրելը, որն այսօր էլ արտահայտվում է՝ «թուրքի հետ հաշտվողը դավաճան է» թեզով, նույնպես դիրքորոշում է, որը ցանկացած մարդ ազատ է արտահայտվել։ Պարզապես, եթե այդ մարդը նման դիրքորոշում հայտնելուց հետո 24 ժամվա ընթացքում չի թակում ՊՆ-ի դուռն ու զինվորագրվում բանակին, ապա, ինչպես ասեմ, ամենաքի՛չն անբարոյական է։ Իսկ պատերազմի ժամանակ մարտակոչը «չլսելու տվողը» նույնիսկ անբարոյական չէ»,- հավելել է նա: