Ադրբեջանական կողմը դեռ թույլ չի տալիս, որ հայկական կողմը դուրս բերի զինծառայողների մարմինները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը: Նա հայտնել է, որ անհետ կորածների վերաբերյալ թվերը կարող են ամեն օրվա կտրվածքով փոխվել:
«Հոկտեմբերի 16-ի դրությամբ՝ անհետ կորածների ավելի քան 40 դիմում ունեինք մեր գրասենյակում: Հաշվի առնելով, որ այդ ընթացքում ավելի քան 150 մարմին էր փոխանցվել, նույնականացման գործընթացում այդ թվերը փոխվեցին: Բացի այդ, ունենք տեղանքներ, որտեղ ՊՆ-ն գիտի զինծառայողների մարմինների գտնվելու վայրի մասին, ու այս պահի դրությամբ ադրբեջանական կողմը դեռևս չի տալիս իր համաձայնությունը, որպեսզի հայկական կողմը դուրս բերի զինծառայողների մարմինները»,- ասել է նա՝ նշելով, որ այս պահին անհետ կորածների թիվը 29 է:
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է նաև ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ ավելի վաղ արված այն հայտարարությանը, թե կան տեսանյութեր, որոնք կարող են վկայել ադրբեջանցի գերիների կամ զոհվածների մարմինների խոշտանգումների մասին:
Քրիստիննե Գրիգորյանը, որը խնդրել էր իրեն փոխանցել այդ տեսանյութերը, լրագրողների հետ զրույցում նշել է. «Դրանք բոլորը 2020 թվականի տեսանյութեր են։ Նոր դեպքի մասին չի խոսքը: Դրանց փորձաքննության արդյունքները, իրավական գնահատականները պետք է տան իրավապահ մարմինները: Այդ տեսանյութերը փոխանցել եմ Գլխավոր դատախազությանը»,- նշել է Գրիգորյանը։