Ավտոմոբիլային ճանապարհներով առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ մեքենաներով երթևեկելու տուգանքի չափը կբարձրանա։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ կայքը։
Գործող կարգավորմամբ՝ տուգանքի չափը բոլոր դեպքերում նույնն է՝ 200.000 դրամ: Առաջարկվող փոփոխությամբ որքան շատ լինի թույլատրելիից ավելի բեռի քաշը, այնքան տուգանքի չափը մեծ է լինելու:
Նախագծով նախատեսվում է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքարշ կամ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելու համար սահմանված տուգանքի չափը՝ 200.000 դրամը, փոփոխել և մինչև 1 տոննա և ավելի յուրաքանչյուր տոննայի համար սահմանել 200 հազար դրամ տուգանք:
Առաջարկվում է նաև ամրագրել, որ տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելը կամ թույլ չտալը, ինչպես նաև այդ մարմնի պաշտոնատար անձանց կողմից տրված վարչական ակտերի՝ կարգադրագրերի և ցուցումների պահանջները սահմանված ժամկետում չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրհիսունապատիկի չափով:
Նախագծի նպատակն արդարացիության ապահովումն է, ինչպես նաև ճանապարհներին հասցվող վնասի նվազեցումը: Նախագծին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: