Հայ հրուշակագործները Լյուքսեմբուրգում անցկացրած Խոհարարության աշխարհի գավաթին մրցակցել են 70 պետության թիմերի հետ և 10 մեդալ նվաճել: Նրանց վարպետությունը շաքարի փոշուց ծաղիկներ պատրաստելու մեջ է:
Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում Հայաստան վերադառնալուց հետո թիմի ղեկավար Իսկուհի Համբարձումյանն ամփոփել է արդյունքները:
«Ստացել ենք 1 ոսկե մեդալ, 6 արծաթե, 3 բրոնզ և 2 դիպլոմ»,- ասել է նա: 12 հոգանոց թիմը ժյուրիին ներկայացել է 12 գործ: Ծնունդով գյումրեցի, բայց Սանկտ Պետերբուրգի ռեստորաններից մեկում աշխատող Գրիգորի աշնանային փնջից մինչև մարցիպանից ու մաստիկայից պատրաստված ծաղիկներով բարձված կրիան: Վերջինս այնքան լավ էր կատարված, որ ժյուրին մտածել է՝ այն արհեստական է, ոչ ուտելի:
Մեկ այլ աշխատանք հրուշակագործ Սվետլանայինն է, որը նուրբ հեծանվի վրա թմբլիկ աղջկա նստեցնելով՝ փորձել է ժպիտ առաջացնել մարդկանց մոտ, ինչը ստացվել է:
Մրցույթի արդյունքներից ելնելով՝ հրավեր են ստացել Շվեյցարիայից, Իտալիայից, ուր կներկայացնեն հայկական ճաշատեսակները:
Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Expogast-ն այս տարի նշում էր հոբելյանական 50-րդ տարեդարձը։ Առաջին անգամ հայ խոհարարների թիմի մասնակցությանը մեծապես նպաստել էր միջազգային անվանի խոհարար Սարկիս Յակուբեանը։
Առաջնության շրջանակում Իսկուհի Համբարձումյանի, Սարկիս Յակուբեանի և խոհարարների հասարակության համաշխարհային ասոցիացիայի Worldchefs-World Association of Chefs Societies նախագահ Թոմաս Գուգլերի մասնակցությամբ տեղի է ունեցել համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն, որով Հայաստան անունն այսուհետ պաշտոնապես իր տեղը կգտնի խոհարարության աշխարհի քարտեզի վրա։