Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր դարձավ 34 տարեկան, իտալական ակումբն ու երկրպագուները շնորհավորել են ֆուտբոլիստին ծննդյան օրվա առթիվ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Ծնունդդ շնորհավո՛ր, Հենրիխ Մխիթարյան: Հայ կիսապաշտպանն այսօր դառնում է 34 տարեկան։ Մխիթարյանը նշում է իր առաջին ծննդյան տարեդարձը՝ որպես «Ինտերի խաղացող»։ Ներաձուրիի մարզաշապիկով նա բարձրացրեց իր առաջին գավաթը, որը թիմը նվաճել էր «Միլանի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից հետո: Ընթացիկ մրցաշրջանում 22 համարը 23 հանդիպում է անցկացրել առաջնությունում, Չեմպիոնների լիգայում, Իտալիայի գավաթում և Սուպերգավաթում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ Ակումբի և բոլոր երկրպագուների բարեմաղթանքները «Ինտերի» կիսապաշտպանին»,- ասված է շնորհավորանքում:
Հիշեցնենք, որ 2022 թվականի ամռանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանն ազատ գործակալի հիմունքներով տեղափոխվել էր Միլանի «Ինտեր»։
Վերջերս Մխիթարյանը երկրպագուներին պատմել էր Հայաստանի մասին. թիմի ալիքում տեղադրված տեսանյութում, ի պատասխան այն հարցին, թե որտեղից է ինքը՝ Մխիթարյանը գծել էր Հայաստանի և Արցախի քարտեզը և ցույց տվել, թե որտեղ է գտնվում Երևանը։