Armenia Today-ը հարցում է արել քաղաքացիների շրջանում՝ հետաքրքրվելով՝ թե ինչպե՞ս են գնահատում քաղաքացիները ԵՄ առաքելության՝ 2 տարով հայ-ադրբեջանական սահման ուղարկելու որոշումը:
Նշենք, որ ԵՄ խորհուրդն համաձայնություն է տվել Հայաստանի տարածքում քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծմանը։
«Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության հաստատմանը, տեղում վստահության ամրապնդմանն ու այնպիսի մթնոլորտի ձևավորմանը, որը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման՝ ԵՄ կողմից գործադրվող ջանքերին», – նշված է ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։
Հարցված քաղաքացիներից մեծ մասը դրական էր գնահատում առաքելության տեղակայումը, սակայն արդյունքների մասով վստահ չեն։
«Գնահատում եմ նրանց ներկայությունը, բայց արդյունքը ինչ կլինի, չգիտեմ: Ադրբեջանին հովանավորում են գերպետությունները, ադրբեջանցիք այդ խելքը չունեն, որ այդպիսի նախաձեռնություններ անեն: Սա ուրիշ տեղից թելադրվում է իրենց»,-նշեց քաղաքացիներից մեկը:
Հարցված քաղաքացիներից մեկն էլ ընդգծեց, որ ԵՄ-ն տեսակարար ազդեցություն չունի այս տարածաշրջանում. «Իրավական հիմքեր էլ չկա, որպեսզի ինչ-որ կանխարգելիչ ազդեցություն ունենա այս տարածրջանում այդ առաքելությունը: Ադրբեջանի գործողությունների վրա կարելի է ազդել միայն իրավական հիմքերով, նույն Հաագայի քրեական դատարան դիմելով, որ Ադրբեջանին որպես միջազգային հանցագործ ճանաչեն, միայն այդկեպ կարող է հարցը հանգուցալուծվել»:
Հարված քաղաքացիներից մի կին էլ նկատեց, որ ԵՄ-ն ավելի ազնիվ է գործում. «Շատ դրական, այդ առաքելությունը հաստատ կազդի Ադրբեջանի վրա։ Շատ դրական եմ գնահատում, ԵՄ-ն ավելի ազնիվ է աշխատում, իրադարձությունները ավելի ազնիվ կներկայցնեն, մենք էլ կհասկանանք՝ ինչ է կատարվում։ Ես իրենց ավելի կողմնակից եմ»:
Իսկ ահա մեկ այլ քաղաքացի էլ պնդեց, որ Ադրբեջանի վրա միայն ուժը կարող է ազդել, ուրիշ ոչինչ. «Նրանց վրա բացի ուժից ոչ մի բան չի ազդի, պետք է մի հատ էլ լավ քթներին խփել, որ իմանան, թե ում հետ գործ ունեն»։
Քաղաքացիներից մեկն էլ պնդեց, որ նորմալ է վերաբերում, սակայն ներկա ռազմաքաղաքական իրավիճակում պետք է հավասակշռված մնան նաև ՌԴ-ի հետ հարաբերությունները. «Գնահատում եմ նորմալ, բայց միայն դրանով չպետք է սահմանափակվի։ Բացի իրենցից (ԵՄ), ռուսների հետ էլ պետք է համագործակցենք, որովհետև այս տարածաշրջանում առանց իրենց ներկայության բան չի փոխվի։ Ամերիկացիք, եվրոպացիք անընդհատ հայտարարություններ, կոչեր արեցին, բան չփոխվեց, իմ կարծիքով Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք պահենք նորմալ։ Պետք անենք այն, ինչ բխումա մեր շահերից, իսկ ՌԴ-ի հետ վատ հարաբերություններ ստեղծելը լավ բանի չի բերի։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, նրանց ոչ մի բան չի զսպի, պետք է հզորանանք, զինվենք, ունենանք նորմալ դաշնակիցներ, եթե անհարժեշտություն էլ լինի, խփենք, մեր կորցրածը հետ բերենք»։
Գոնե 2 տարի այդ առաքելությունը կազդի Ադրբեջանի հավանական ոտնձգությունների վրա, համարում է մեկ այլ քաղաքացի. «ԵՄ առաքելության այստեղ գտնվելու պարագայում Ադրբեջանն իրեն մի քիչ զսպված կպահի, ոտնձգություններ չի անի մեր սահմաններին»։
Մանրամասները՝ տեսանյութում: