Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրում բացվել է «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» լեռնադահուկային հանգստյան գոտին: Ինչպես տեղեկանում ենք հանգստյան գոտու պաշտոնական կայքից՝ գործում է 16 հիմնական ճոպանուղի, 100 գծանշված սահուղի:
Ընդհանուր թվով 13,436 միավոր կացարան կա հանգստյան գոտում, որը նախատեսված է 72,238 անձի համար: Գործում է ավելի քան 4000 կայանատեղի:
Այստեղ է ամենաերար՝ 5228 մետրանոց սահուղին: Նշվում է, որ Արագած լեռան արևելյան լանջերին գտնվող այս հանգստավայրը հասանելի կլինի զբոսաշրջիկներին տարվա բոլոր եղանակներին:
Բարձրակարգ լեռնադահուկային հանգստավայր կառուցելու նպատակով հետազոտական և նախագծային աշխատանքները սկսվել են դեռևս 2016 թվականին: Հանգստավայրի նախագծումը վստահվել է կանադական «Էկոսայն» ընկերությունը, որը լեռնադահուկային հանգստավայրերի նախագծման ոլորտի առաջատար ընկերություններից է։
Հիշեցնենք, որ 2021-ի ամռանը ՀՀ կառավարությունը հավանության էր տվել «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում 2080 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում իրականացվելիք ներդրումային ծրագրին։Ծրագիրը միտված է Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը: