ՊԵԿ-ը կանխել է Հայաստանից Ռուսաստան անօրինական ճանապարհով 303․460 տուփ տարբեր տեսակի ծխախոտների արտահանումը, հայտնում է ՊԵԿ պաշտոնական կայքը։
Գերատեսչությունից մանրամասնում են, որ Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է ժամանել տրանսպորտային միջոց, որը, տարանցման հայտարարագրով ձևակերպված, ՌԴ պետք է տեղափոխեր թարմ խաղող: Պարզվել է, որ արկղերի գերակշիռ մասը, որոնցով տեղափոխվել են ապրանքները, հատուկ հարմարեցված են` ունեն երկհատակ, զննման արդյունքում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված, մաքսային հսկողության ենթակա ապրանքներ` տարբեր տեսակի ծխախոտներ` ընդհանուր քանակը 303 հազար 460 տուփ:
Բացի այդ, ապրանքների տեսազննումից պարզվել է, որ մի մասի վրա առկա են ակցիզային դրոշմանիշներին նմանվող այլ պիտակներ, որոնք չեն համապատասխանում ՊԵԿ-ի կողմից տրամադրող ակցիզային դրոշմանիշներին, իսկ մնացած մասի վրա ընդհանրապես ակցիզային դրոշմանիշներ առկա չեն եղել:
Արարքն իր մեջ պարունակում է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313 հոդվածի (ՀՀ պետական սահմանով մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով` գաղտնարանների օգտագործմամբ, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոցով) հատկանիշներ: Դեպքի առնչությամբ նյութերն ուղարկվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախության վարչություն` հետագա ընթացքն ապահովելու նպատակով: