Հայաստանում 2021 թվականին աճել է հղիության արհեստական ընդհատումների՝ աբորտների թիվը։ Յուրաքանչյուր 111 տղայի հարաբերակցությամբ միջինում ծնվում է 100 աղջիկ: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը նշեց, որ միջինում այն պետք է լինի 105-ը 100-ի դեմ։
Armenia Today-ը հարցում է արել երևանցիների շրջանում, հետաքրքրվելով, թե ինչպես են վերաբերվում հղիության արհեստական ընդհատումներին, ինչ են կարծում ի՞նչն է դեպքերի ավելացման պատճառը, ինչպե՞ս է հնարավոր պայքարել դրա դեմ: Ինչպես նաև հարցրել ենք, թե ինչպես են վերաբերվում հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումներին:
Հարցվածքները, գրեթե միաբերան հայտարարեցին, որ դեմ են հղիության արհեստական ընդհատումներին:
«Ամեն երեխա ծնվում է իր բախտով, իր ամեն ինչով, պետք չէ ոչ մի սեռի ընդհատում լինի, ընդհանրապես ընդհատում չլինի, եթե չեն ցանկանում երեխա ունենալ, թող պաշտպանվեն»,- ասաց քաղաքացիներից մեկը:
Պատճառները, ըստ քաղաքացիների տարբեր են. «Չե՞ք տեսնում, ինչ է կատարվում, դժվար աշխատանք, դժվար ապրելակերպ, ջահելները երևի դժվարանում են, մեր ժամանակ չէինք նայում ոչ մի բանի, կարևորը երեխա լիներ, հիմա ուրիշ սերունդ է»,- ընդգծեց մեկ այլ քաղաքացի:
Մեկ այլ հարցված էլ նշեց, որ նոր երիտասարդության գաղափարները կյանքի նկատմամբ հիմա փոխվել են, ըստ նրա՝ պետությունը պետք է քայլեր ձեռնարկի:
«Պատճառը սոցիալական պայմաններն են, նոր երիտասարդության գաղափարները կյանքի նկատմամբ, պետք է ուղղակի արգելեն, եթե փորձում են ընդհատել, թող դատեն այդ մարդկանց: Պետությունը պետք է անմիջապես դրա դեմն առնի: Սեռով պայմանավորված ընդհատումները նույնպես սխալ են, բնությունն ինչպես որոշել է, պետք է այդպես լինի»,- ասաց նա և հավելեց, որ պատերազմի զրկանքների թիվը պետք է այս ձևով լրացնել, այլապես մի քանի տարուց մենք այստեղ փոքրամասնություն կդառնանք:
«Համապաատասխան օրենք պետք է մշակվի, դա մեր ազգաբնակչությանը և Անդրկովկասին բնորոշ երևույթ է, որ իրոք շատ ցավալի է»,- նկատեց մեկ այլ հարցված քաղաքացի՝ պատասխանելով սեռով պայմանավորված հղիության ընդհատումների մասին հարցին:
Armenia Today-ի հարցված ռուս քաղաքացիներից մի կին էլ ասաց, որ շատ բան է կախված ծնողի դաստիրակաությունից:
«Իմ աղջիկներին ես շատ բան թույլ չեմ տալիս, շատ բան է կախված ծնողից, պետք է ուշադիր լինել դաստիրակաությանը, պետք է խոսել երեխաների հետ, հատկապես աղջիկների»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: