Երևանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 3-ամյա երեխայի որովայնից հեռացվել են 17 մագնիսե գնդիկներ, հայտնում է ԲԿ-ի լրատվության բաժինը։
3 տարեկան երեխայի ծնողները դիմել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոց՝ նշելով, որ երեխան խաղալիս է եղել մագնիսե գնդիկներով, իսկ որոշ ժամանակ անց նկատել են դրանց մեծ մասի բացակայությունը: Համալսարանական կլինիկայում կատարվել է վիրաբույժի զննում. որովայնը եղել է պալպատոր փափուկ, փսխում չի դիտվել, գանգատներ չեն նշվել:
«Կատարվել է որովայնի R գրաֆիա, որով հայտնաբերվել է թվով 17 ռենտգեն կոնտրաստ գնդիկներ: Շտապ կարգով կատարվել է լապարատոմիա, որովայնի խոռոչի ռևիզիա, որի ժամանակ հայտնաբերվել է իրար կիպ հարող աղեգալարներ: Դրանք անջատելուց հետո հայտնաբերվել է պորֆորացված հատվածներ աղեգալարների տարբեր հատվածներում՝ այդ թվում ստամոքսում, որի պատճառ էին դարձել թվով 17 մագնիսե գնդիկները, որոնք հեռացվել են, պերֆորացված հատվածների ամբողջականությունը վերականգնվել»,- հայտնում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի կայքը:
Նշվում է, որ հետվիրահատական ընթացքը անցել է հարթ։ Բժշկական թիմը ծնողներին հորդորում է լինել առավել ուշադիր և երեխաներին զերծ պահել առողջության կամ կյանքի համար սպառնալիք հանդիսացող մանր դետալներ պարունակող խաղալիքներով, իրերով խաղալուց: