Գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը տեղափոխվել են Ձերբակալվածների պահման վայր։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ մարտի 31-ին ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանության կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Toyota Land Crauser մակնիշի 06 LS 600 համարանիշի ավտոմեքենայում զինված քաղաքացի կա։ Ոստիկաննները Խորենացու փողոցի 28 հասցեի մոտ ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 45-ամյա Գևորգ Մանուկյանին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Արսեն Կիրակոսյանին։
Աղբյուրի տեղեկություններով՝ խուզարկությամբ ձեռքի պայուսակում հայտնաբերվում է 9 մմ տ/չ «Մակարով» տիպի առանց գործարանային համարի մարտական ատրճանակ՝ փամփշտատուփով, որի մեջ եղել է 8 փամփուշտ: Toyota Land Crauser-ը տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ Գ․ Մանուկյանն ու Ա․ Կիրակոսյանը ներկայացվել են քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ, ձերբակալվել ու տեղափոխվել են Ձերբակալվածների պահման վայր:
Աղբյուրի տեղեկություններով՝ Գ․ Մանուկյանն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին է, իսկ Ա․ Կիրակոսյանը` վերջինիս վարորդը։