Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ժամանակ հանձնարարեց գտնել մետրոյի քարաթափման մեղավորին և ամենախիստ ձևով պատժել։
Նա նշեց, որ սա արտառոց դեպք է և շատ վտանգավոր, որը, մեծ հավանականությամբ, կարող էր զոհերի պատճառ դառնալ։
«Մեր մոտեցումը պետք է լինի շատ խիստ։ Շատ մասնագետներ իրենց ոլորտին իմիջիայլոց են վերաբերվում, և դրա հետևանքով մետրոյի գծերի վրա ապրիլի մեկին ունեցել ենք քարաթափում, որը կարող էր բերել վագոններից մեկի ռելսերից դուրս գալուն և զոհերի»,- ասաց փոխքաղաքապետը՝ «ԳԱՍԿ» հասարակական կարգի պահպանության տվյալ շրջանի ներկայացուցիչներին հանձնարարելով ամենախիստ ձևով պատժի ենթարկել կառուցապատողին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի մետրոպոլիտենը վերսկսել է իր աշխատանքը, որը դադարեցվել էր քարաթափման պատճառով։
Նշվում է, որ ապրիլի 1-ին՝ ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարները։ Ժամը 15։10-ից մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է։