Տելեգրամյան մի շարք ալիքներում տեղադրվել են հայտարարություններ՝ օտարերկրյա քաղաքացիների անձնագրեր, սոցիալական քարտեր, վարորդական իրավունքի վկայականներ, ԱՄՆ և Եվրոպայի մուտքի վիզաներ պատրաստելու վերաբերյալ, հայտնում է ԱԱԾ-ն։
Մասնավորապես՝ «ArmSecretShop» տելեգրամյան ալիքում տեղադրվել է հայտարարություն այն մասին, որ ալիքի վարողը 4000 դոլարի դիմաց առաջարկում է պատրաստել և տրամադրել 10 տարի ժամկետով ԱՄՆ մուտքի արտոնագիր՝ առանց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն այցելելու և հարցազրույցի մասնակցելու: Նույն տելեգրամյան ալիքում նշված է եղել, որ 11000 դոլարի դիմաց պատրաստում և տրամադրում են Իսպանիայի և Գերմանիայի քաղաքացիների անձնագրեր, միջազգային վարորդական իրավունքի վկայական և նույնականացման քարտ, իսկ 12000 դոլարի դիմաց՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացու անձնագիր, վարորդական իրավունքի վկայական և սոցիալական քարտ:
ԱԱԾ-ն պարզեպ է, որ «ArmSecretShop» անվամբ տելեգրամյան ալիքի վարողը կանադական անձնագիր պատրաստելու համար որպես կանխավճար պահանջում է գումարի 50 տոկոսին համարժեք կրիպտոարժույթ, որից հետո պատվիրատուն տելեգրամյան ալիքին պետք է փոխանցի 3×4 չափի լուսանկար, հայկական անձնագրի լուսանկար, ինչպես նաև ձևաթղթի վրա կապույտ թանաքով դրոշմված մատնահետքերի լուսանկար:
«Տելեգրամյան ալիքում նշված է, որ իրենք օգտատերերի հետ չեն հանդիպում, հեռախոսահամար չեն տրամադրում և աշխատում են միայն փոստային ծառայությունների միջոցով, իսկ քաղաքացիների վստահությունը ձեռք բերելու նպատակով՝ տելեգրամյան ալիքում հրապարակված են օտարազգի անձանց տվյալներով փաստաթղթերի նմուշներ, որոնք իբրև թե իրենց կատարած աշխատանքներն են», հայտնում է ԱԱԾ-ն:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բացի «ArmSecretShop» անվամբ տելեգրամյան ալիքից կան նաև «Diplomatic passport», «passport sale», «Passport, drivers license ID card for sale» և«Паспорт России» ալիքներ ևս, որտեղ նույնպես տեղադրված են կեղծ անձնագրեր և այլ փաստաթղթեր պատրաստելու վերաբերյալ նույնաբովանդակ հայտարարություններ:
ԱԱԾ-ն քաղաքացիներին կոչ է անում խուսափել և զերծ մնալ նմանատիպ խարդախության սխեմային մասնակցություն ունենալու գայթակղությունից, անօրինական գործարքներից, ինչպես նաև դրանց արդյունքում հնարավոր ֆինանսական կորուստներ կրելուց, իսկ հանցավոր սխեմայի արդյունքում արդեն իսկ տուժած քաղաքացիներին՝ դիմել իրավապահ մարմիններին կամ զանգահարել ՀՀ ԱԱԾ թեժ գիծ՝ 1-91 հեռախոսահամարով: