Վանաձորում ձերբակալվել է երիտասարդ, որը «ՖԵՍՏԻՎԱՌ» փառատոնի շրջանակներում իրականացվող համերգի ժամանակ բեմում ծածանել է Արցախի դրոշը, հայտնում է «Երիտասարդի ձայն» հասարակական կազմակերպության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը։
«Մեր թիմակցին՝ Արեգին Վանաձորում, ոստիկանները բերման են ենթարկում Արցախի դրոշը ծածանելու համար…»,- գրել է նա։
Հովհաննես Հարությունյանը հայտնել է նաև, որ Արեգ Գասպարյանից բացի բերման են ենթարկվել նախաձեռնության ևս երկու անդամներ։
Ավելի վաղ «Երիտասարդի ձայն» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան պաշտոնական էջը հրապարակել է բեմում Արցախի դրոշը ծածանելու կադրերը և կից գրել․ «Մենք Վանաձորում` «Ֆեստիվառ»-ի բեմից հանրությանը հիշեցրեցինք, որ Արցախը հայկական է և հայկական է լինելու․․․ ԱՐ-ՑԱԽ, ԱՐ-ՑԱԽ»։
«ՖԵՍՏԻՎԱՌ»-ը երաժշտական մեծ փառատոն է, որը անցկացվում է ՀՀ Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում՝ Վանաձորում, Գավառում (12 օգոստոս) և Սիսիանում (26 օգոստոս)։