Թուրքիայի հարավային շրջանում գտնվող Հաթայ նահանգի Իսքենդերունի շրջանում կառուցված «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին լրջորեն վնասվել է, գրում է Ermenihaber-ը։
Ըստ հրապարակման՝ պատճառը 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած 7.6-7.7 մագնիտուդ ուժգնության երկրաշարժն է։
Նշվում է, որ եկեղեցին կարիք ունի վերանորոգման և այդ իսկ պատճառով էլ այս պահին եկեղեցում որևէ ծիսակատարություն չի անցկացվում: Ըստ աղբյուրի՝ «Քառասուն մանուկ» եկեղեցու առաջնորդ Յուսուֆ Թաբաշը վերանորոգման խնդրանքով դիմել է Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարությանը: Թաբաշը հայտնել է, որ ծեսերը կիսով չափ խափանվել են, և այս պահին եկեղեցու վերանորոգման հարցը քննարկվում է մշակույթի և տուրիզմի նախարարության կողմից։
Ըստ Թաբաշյանի՝ մի շարք այլ տեղերում գտնվող շուրջ 16 հայկական եկեղեցի ևս երկրաշարժի հետևանքով լրջորեն վնասվել է:
Փետրվարի 6-ին հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի ուժգնությունը կազմել էր 7,7 մագնիտուդ: Ավերածություններ էին գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ՝ հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է օգնել։ ՀՀ ՆԳՆ-ից հայտնել էին, որ հայակական փրկարարական ջոկատները մեկնում են Սիրիա և Թուրքիա։ Հայաստանը Սիրիա և Թուրքիա հումանիտար օգնություն էր ուղարկել։