21-րդ դարում նորմալ չէ, երբ երեխաները հայտնվում են շրջափակման թակարդի մեջ», Կիևում կայացած «Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին» հայտարարել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
Մինչև միջոցառման պաշտոնական արարողության մեկնարկը պատվիրակություններն այցելել են «Նահատակ մանուկներ»-ի ցուցահանդես, որտեղ ոգեկոչման արարողություն է անցկացվել։ Ի հիշատակ պատերազմում զոհված երեխաների, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մյուս պատվիրակությունների ղեկավարների հետ միասին հարգանքի տուրք է մատուցել նահատակված մանուկներին՝ խորհրդանշական փափուկ խաղալիք դնելով երեխաների ոգեկոչման վայրում։
«Մենք վերադառնում ենք «Երեխաների նահատակություն» ցուցահանդեսից, որտեղ մենք ոգեկոչեցինք 2022թ․ փետրվարի 24-ից մինչ այժմ Ուկրաինայում նահատակված երեխաների հիշատակը։ Երբ ես մտորում եմ այն հարցի մասին, թե ապագան ի՞նչ է պատրաստել իմ երեխաների, իմ երկրի երեխաների և աշխարհի երեխաների համար, ամենաշատը ես մտածում եմ այն երեխաների մասին, որոնք այլևս ապագա չունեն, որոնք մնացին անցյալում և ում հիշատակը մենք հենց նոր ոգեկոչեցինք։ Այս երեխաների համար ես ինձ չափազանց մեղավոր եմ զգում։ Ես շատ մեղավոր եմ զգում աշխարհի այն բոլոր երեխաների համար, ովքեր նահատակվել են տարբեր պատերազմենրում՝ անկախ նրանից, թե որ երկրում են նրանք սպանվել, առանց ռասսայական, գույնի, կրոնական կամ սոցիալական ծագման խտրականության»,- ասել է Աննա Հակոբյանը։
Ըստ վարչապետի տիկնոջ, նորմալ չէ 21-րդ դարում ունենալ «Նահատակ մանուկներ»-ի ցուցահանդես, նորմալ չէ, երբ երեխաները սպիեր են ունենում ռմբակոծության արդյունքում։ Աննա Հակոբյանի խոսքով՝ նորմալ չէ 21-րդ դարում ունենալ երեխաներ, որոնք շրջափակման մեջ են, սոված ու հյուծված, ցեղասպանության վախը սրտում։
«Մինչ մենք խոսում ենք, Լեռնային Ղարաբաղի 120.000 խաղաղ բնակչությունը հայտնվել է հումանիտար աղետի շեմին Լաչինի միջանցքի անմարդկային շրջափակման պատճառով, ում կյանքերը շարունակական սպառնալիքի տակ են։ Լեռնային Ղարաբաղում բնակվող 30.000 երեխաները տառապում են թերսնուցումից ու սնունդի պակասից։ Նրանք ստիպված են ժամերով հերթ կանգնել մինիմալ քանակի սնունդ ստանալու համար։ Նրանք հաճախակի գրանցվող ուշագնացության դեպքերի ականատեսն են, ինչը Լեռնային Ղարաբաղի բնակիչների գերլարված հոգեկան վիճակի արդյունքն է։ 30.000 երեխաներ արգելափակված են մի փոքրիկ հողակտորի մեջ՝ զրկված իրենց անօտարելի իրավունքներից, ինչպիսիքն են սննդի, առողջության պահպանման և կրթության իրավունքները»,- նշել է նա։
Աննա Հակոբյանն ընգծել է, որ շուրջ 2000 հղիներ զրկված են պարզագույն բուժզննություն անցնելու հնարավորությունից։ Վարչապետի տինոջ խոսքով՝ միայն արգելափակված միտքը կարող է աչք փակել անմեղ մարդկանց տառապանքների վրա, և միայն շփոթված սիրտն է պահպանում կյանքի ճանապարհի շրջափակումը` Լաչինի միջանցքը, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ։
Աննա Հակոբյանը ներկաներին տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 19-ին «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցը Հայաստանի հետ կազմակերպում է գագաթնաժողով՝ Երևանում, նվիրված կին առաջնորդների դերին ժողովրդավարական աշխարհում և անվտանգային համակարգում։ Աննա Հակոբյանը սիրով հրավիրել է ներկա գտնվողներին այցելել Երևան և մասնակցել գագաթնաժողովին։
Գագաթնաժողովի ընթացքում ելույթներ են ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Միջոցառմանը ներկա էր նաև Դանիայի վարչապետը։
Միջոցառումից հետո Աննա Հակոբյանն այցելել է նաև Կիևի Սբ․ Սոֆիայի տաճար, որտեղ պատի վրա պահպանված է հայատառ գրառում։
Բաքուն Արցախը շրջափակել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ 2023 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանն արգելեց մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, իսկ ավելի ուշ այնտեղ բետոնե պատնեշներ տեղադրեց:
Կարդացեք և դիտեք Armenia Today-ի բացառիկ ռեպորտաժն այն մասին, թե ինչպես է ապրում սահմանային Սոթքը, որը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի կրակոցների տակ էր ընկել։