Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի զավակները կոչ են արել աշխարհի առաջնորդներին և իրավապաշտպաններին նպաստել ադրբեջանական բանտից Վարդանյանի ազատ արձակմանը, ասվում է նրանց բաց նամակում։
«Օր-օրի ավելի է մեծանում վտանգը, որ նա կարող է այլևս երբեք չմիանալ մեր ընտանիքին»,- ասվում է նամակում։
Նրանք բարձրացրել են ոչ միայն Վարդանյանին, այլև ադրբեջանցի զինվորականների կողմից ապօրինի ձերբակալված Հայաստանի մյուս քաղաքացիներին ազատ արձակելու հարցը։
«Մենք չենք ուզում, որ մեր հայրը դառնա տարածաշրջանում քաղաքական հակամարտության հերթական զոհը։ Նրա առաքելությունը միշտ եղել է լարվածությունը թուլացնելը և տասնամյակներ շարունակվող թշնամանքին խաղաղ լուծում գտնելը: Մեր հայրը հումանիստ է և երբեք ռազմական գործողությունների չի մասնակցել»,- նշել են Վարդանյանի երեխաները։
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին «ձերբակալելու» մասին։ Հայաստանի կառավարությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված նրա գերության հետ և տեղեկություններ պահանջել Վարդանյանի կարգավիճակի, կալանքի պայմանների և առողջական վիճակի մասին։ Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որին գերեվարել են, 4 ամսով կալանվորվել է։ Ավելի վաղ նշվել էր, որ Վարդանյանը մեղադրվում է «ահաբեկչության ֆինանսավորման մեջ»։