Ադրբեջանը հայ մոդել Արմինե Հարությունյանին որպես «ահաբեկիչ» է ներկայացրել, հայտնել են ՈՄԱ (Ողջ Մնալու Արվեստ) ՀԿ-ի Facebook-յան էջում։
«Ադրբեջանը, որը ևս մեկ անգամ ապացուցեց իր երեխայասպան, մարդակեր լինելը և հայատյաց քաղաքականությունը, «ահաբեկիչ» է հռչակել հայ մոդել Արմինե Հարությունյանին, որը մասնակցել է ՈՄԱ-ի 10-օրյա դասընթացին՝ ցանկանալով ընդամենը սովորել առաջին բուժօգնություն և ինքնապաշտպանություն այն դեպքում, երբ իր հայրենակիցներին սպանում, գլխատում և խոշտանգում են»,-հայտնել են կազմակերպությունից։
Նշել են, որ ադրբեջանական քարոզչական դաշտը, տարածելով նրա լուսանկարը, քննադատության թիրախ է դարձրել Արմինե Հարությունյանին։
«Հրավիրում ենք միջազգային բոլոր լրատվամիջոցների ուշադրությունը՝ պայքարելու նման ապատեղեկատվության դեմ և միջոցներ ձեռնարկելու՝ սանձելու Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը»,-հայտնել են ՀԿ-ում։
Արմինե Հարությունյանը 2019-ին մասնակցել էր «Gucci»-ի ցուցադրությանը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով՝ վերջին տվյալներով՝ կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Արցախից բռնի տեղահանվել ու Հայաստան է տեղափոխվել 100 514 անձ, հաշվառվել է 85 975 անձ (86%-ը)։
Սեպտեմբերի 25-ին Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին, պայթյուն է տեղի ունեցել։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ի տվյալներով, փրկարարները աղետի տարածքից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: