Երուսաղեմում Xana Capital ընկերության ներկայացուցիչները ներխուժել են Հայկական թաղամաս՝ պահանջելով հայերին հեռանալ այնտեղից՝ չնայած Հայոց պատրիարքարանի կողմից թաղամասի «Կովերի այգի» հողամասը նրանց հանձնելու մասին հողային գործարքի չեղարկմանը, հայտնել է հողամասի փրկման նախաձեռնությունը։
«Xana Capital-ի ներկայացուցիչներ Դենի Ռոթմանը և Ջորջ Ուորվարը մոտ 15 զինված [իսրայելցի] վերաբնակիչների և ծառայողական շների ուղեկցությամբ հայերից պահանջել են հեռանալ այնտեղից՝ այն անվանելով իրենց հողը»,- ասվում է զեկույցում։ Ըստ շարժման առաջնորդների՝ Ուորվարն սպառնացել է հայերին՝ ասելով, որ «մեկ առ մեկ կզբաղվի նրանցով»։
Իսրայելցիները նաև ագրեսիա են դրսևորել՝ հայտարարելով, որ բոլոր հայերը «ոչ հրեաներ են, և երբ Մեսիան գա, [նրանք] բոլորը կմեռնեն»։ Հայ համայնքի շուրջ 200 անդամներ շարժման առաջնորդներ Հակոբ Ջերնազյանի և Սետրագ Բալյանի, ինչպես նաև ՀԱԵ Երուսաղեմի պատրիարք Նուրխան Մանուկյանի հետ ժամանել են տվյալ վայր և կանխել հակամարտությունը:
Հունիսին Ջերնազյանը BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել էր, որ Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի մի մասը 99 տարով վարձակալության է տրվել «հրեական ծագումով ավստրալացի խորհրդավոր գործարարին՝ էլիտար զարգացման համար»։ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Նուրխան Մանուկյանը խոստովանել է, որ ստորագրել է հողի վարձակալության պայմանագիր, սակայն ասել է, որ իր ենթակայի՝ տեղի եկեղեցու քահանայի կողմից խաբեության զոհ է դարձել։ Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտարարել էր Կովերի այգու կալվածքի գործարքը չեղարկելու մասին։