44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցից մի քանի օր առաջ Ազգային ժողովում լարված հանդիպում է տեղի ունեցել հանձնաժողովների նախագահների և անհետ կորածների ծնողների միջև, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթը նշում է, որ նոյեմբերի 6-ին կայացած ահնդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր՝ անհետ կորած զինծառայողներին գտնելու, որոնողական աշխատանքներ կատարելու վերաբերյալ։
«Ծնողները հստակ պահանջներ են ներկայացրել, սակայն որևէ արդյունավետ վերջնակետի չեն հանգել։ Լարված իրավիճակ և մթնոլորտ է եղել։ Ազգային ժողով մտել են 10 ծնող, և մտնելուց առաջ էլ նրանց միջև լարված իրավիճակ և լեզվակռիվներ են եղել, ինչպես հանդիպման ընթացքում։ Ծնողներից ոմանք նույնիսկ որոշում են կայացրել հացադուլ հայտարարել»,- գրում է թերթը։
1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվը կազմում է 1016 մարդ, Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել էր ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը։ Ըստ Գոռ Աբրահամյանի փոխանցած տվյալների՝ Արցախյան առաջին պատերազմի (1992–1994 թթ.) հետևանքով անհայտ է 777 անձի գտնվելու վայրը։ 2020 թվականի 44-օրյա ագրեսիվ պատերազմի հետևանքով անհայտ է 195 անձի գտնվելու վայրը, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ և 175 զինծառայող։