Ընդդիմադիրները Լևոն Քոչարյանի հետ պատրաստվում են ակտիվորեն մասնակցել խորհրդարանի աշխատանքներին, գրում է «Հրապարակ»-ը
«Մեր աղբյուրն ասաց, որ մինչև վերջ կռվելու են և երեկվա նիստում քննարկել են հնարավոր սցենարները ու իրենց արձագանքները: «Հայաստան» խմբակցությունը որոշել է մասնակցել նաեւ բյուջեի քննարկմանը, որին ներկա է լինելու Նիկոլ Փաշինյանը»,- հայտնում է թերթը։
Նոյեմբերի 6-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ պատգամավորական մանդատ ստացած Լևոն Քոչարյանին ազատ էին արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից:
ԿԸՀ-ն նոյեմբերի 6-ի արտահերթ նիստում ընդունված արձանագրությամբ կալանքի տակ գտնվող Լևոն Քոչարյանին պատգամավորի մանդատ էր փոխանցվել։ Նոյեմբերի 5-ին կալանավորված Լևոն Քոչարյանի փաստաբանական խմբից հաստատել էին, որ իրենց պաշտպանյալը պատգամավոր է դառնալու։
Նոյեմբերի 3-ին հայտնել էինք, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ, «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Անժելա Նալբանդյանը (դաշինքի նախընտրական ցուցակի 48-րդ համարը) չի վերցնի պատգամավորական մանդատը, որը պետք է ստանար դաշինքի պատգամավորներ Արմեն Չարչյանի, Միհրդատ Մադաթյանի (դաշինքի ընտրական ցուցակի 47-րդ համար) և Գերասիմ Վարդանյանի (դաշինքի նախընտրական ցուցակի 49-րդ համարը) կողմից պատգամավորական մանդատներից հրաժարվելուց հետո։ Դաշինքի ցուցակում հաջորդը Լևոն Քոչարյանն էր։