Դեկտեմբերի 4-ին հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ»-ի 3-րդ պահաբաժնում, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր մեկնած փրկարարական ծառայողները պարզել են, որ ազգային պարկի առավել դժվարամատչելի և բարդ ռելիեֆով հատվածում՝ մոտ 3 հա տարածքում, այրվում են խաշամ և փայտի թափուկներ։
«Չնայած այն հանգամանքին, որ հրդեհաշիջման աշխատանքները բարդացել են ուժգնացող քամու պատճառով, տեղում ձեռնարկվում են բոլոր միջոցառումները հրդեհի հետագա տարածումը կանխելու համար»,- հայտնում է ՆԳՆ-ն:
Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են 123 փրկարարական ծառայողներ, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 28 աշխատակից։ Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը։
Դեկտեմբերի 1-ին կրկին հրդեհ էր բռնկվել «Դիլիջան ազգային պարկ»-ում, որը մարվել էր դեկտեմբերի 2-ին։