Ծառայության որակի և ժամկետի հետ կապված որևէ դժգոհություն չի կարող հիմք հանդիսանալ բռնություն կիրառելու համար, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով վերջին օրերում Երևանում շտապօգնության բժիշկների նկատմամբ տեղի ունեցախ բռնության դեպքերին։
«Եթե անգամ գրանցվում են բողոքներ, դժգոհություններ, դրանց արձագանքելու և դրանք վեր հանելու իրավական ճանապարհներ կան։ Տվյալ դեպքերում շտապօգնության աշխատակիցները պատշաճ են իրականցրել իրենց գործառույթները։ Արձագանքը պետք է խիստ և հստակ լինի, և այս անձինք պետք է պատժվեն իրավունքի ողջ խստությամբ»,- նշել է նա՝ հավելելով, որ տուժած բժիշկների առողջական վիճակը բավարար է։
Հունվարի 13-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ, ով այդ պահին իր մասնագիտական պարտքն էր կատարում։ Ավելի ուշ Քաղաքապետարանի խոսնակը մանրամասնել էր, որ ծեծի ենթարկված բժշկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանում քերծվածքներ։ Նույն օրը Երևանում շտապօգնության բժշկին մարմնական վնասվածքներ պատճառած եղբայրները ձերբակալվել էին։
Հունվարի 16-ին Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնել էր շտապօգնության անձնակազմի նկատմամբ ևս մեկ բռնության դեպքի մասին։