ԼՂ-ից բռնի տեղահանված թոշակառուների վճարումներն այսուհետ կիրականացվեն հստակ պարբերականությամբ, «Հումանիտար կենտրոնում» ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը:
«Վճարումները կիրականացվեն մինչև տվյալ ամսվա 6-րդ աշխատանքային օրը։ Փետրվարին կենսաթոշակները կվճարվեն մինչև փետրվարի 8-ը»,- ասել է մամուլի քարտուղարը։
Մանուչարյանը նաև հայտնել է, որ առաջիկայում կտրամադրեն բնակվարձերի և կոմունալների գումարները։
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակվարձերի և կոմունալ վճարների համար նախատեսված «40+10» հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում հունվար ամսվա վճարումները նախատեսված է իրականացնել առաջիկա 2-3 աշխատանքային օրերի ընթացքում։ Այսինքն՝ նախատեսված է հունվար ամսվա վճարումներն ամբողջացնել մինչև փետրվարի 7-ը»,- հավելել է Մանուչարյանը։
Հունվարի 31-ի կառավարությունում քննարկվել էր Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման հնարավորությունները, և փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ասել էր, որ կենսաթոշակառու կամ նպաստառու 20 հազար 656 արցախցիներից 11 հազար 800-ի կենսաթոշակներն արդեն վճարվում են։
Մանրամասները՝ տեսանյութում։