Հայաստանում հարցմանը մասնակցած քաղաքացիներից 95%-ը պատերազմի դեպքում պատրաստ է «պայքարել հանուն Հայաստանի», տեղեկանում ենք «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչությունից, որը 2024-ի հունվարի 23-26-ը 1101 քաղաքացիների շրջանում հարցում է իրականացրել։
Քաղաքացիների միայն 3,2%-ն է նշել, որ «պատրաստ չէ պայքարել Հայաստանի համար», 1,1%-ը ձեռնպահ է մնացել։
1101 քաղաքացիներից 48,1%-ը կարծում է, որ Հայաստանը պետք է ունենա հավասար հարաբերություններ ազդեցության կենտրոնների հետ (2023-ին այդ կարծիքին էր հարցվածների 29,1%-ը)։ 13,7%-ի կարծիքով՝ այդ կենտրոնը Եվրոպական միությունն է (2023-ին 16,3%-ն է այդ կարծիքին եղել), 15,1%-ի կարծիքով՝ Ռուսաստանը (2023-ին՝ 22,7%), 12,8%-ի՝ ԱՄՆ-ն (2023-ին 12,6%)։ Քաղաքացիների 4,8%-ի համար այդ կենտրոնն Իրանն է։
Հարցման մասնակիցները նշել են, որ Հայաստանը ռազմաքաղաքական օգնություն կարող է ստանալ, առաջին հերթին, Ֆրանսիայից (36,2%), Հնդկաստանից (22,2%), ԱՄՆ-ից (22%), Ռուսաստանից (20,3%), Իրանից (12,5%)։