Armenia Today-ը հավաքագրել է խմբագրության կարծիքով ամենահետաքրքիր իրադարձությունները որոնք տեղի կունենան առաջիկա շաբաթավերջին Երևանում և շրջակայքում։
«Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ»
«Էնկի» ստվերների շարժական թատրոնը Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում փետրվարի 10-ին կցուցադրի «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ» ստվերային ներկայացումը, որը հիմնված է Ղազարոս Աղայանի նույնանուն դյուցազնապատմության հիման վրա։ Մուտքը՝ 5000 դրամ։ Ծրագրի սկիզբը՝ 17:00-ին։
Գրականության և ժամանակակից արվեստի ձմեռային փառատոն
Newmag հրատարակչությունը փետրվարի 10-ին կանցկացնի գրականության և ժամանակակից արվեստի երրորդ ձմեռային փառատոնը։ Հյուրերը կվայելեն մասնագիտական սեմինարներ, հայ հեղինակների գրքերի շնորհանդեսներ, պանելային քննարկումներ, համերգային ծրագրեր, ստենդ-ափ շոուներ և շատ ավելին: Ծրագիրը կտևի ժամը 12:00-21:00 Dvin Music Hall-ում: Մուտքն ազատ է։
Երգեհոնային երաժշտության համերգ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 10-ին տեղի կունենա երգեհոնային երաժշտության համերգ: Ծրագրում ընդգրկված են Բախի, Բլավետի, Ֆիշերի և Վիվալդիի ստեղծագործությունները։ Համերգի սկիզբը՝ 19:00-ին։ Տոմսերի գները տատանվում են 1000-3000 դրամի սահմաններում։
Թրեյնինգ մանկական անհանգստության վերաբերյալ
Կանա հոգեբանական կենտրոնում փետրվարի 10-ին և 11-ին կանցկացվի մանկական անհանգստության և ամաչկոտության երկօրյա թրեյնինգ: Հանդիպումը վարելու է հոգեբանական գիտությունների թեկնածու Աննա Առաքելյանը։ Մասնակիցները կսովորեն արտթերապևտիկ տեխնիկաներ ու վարժություններ՝ անհանգստությունը հաղթահարելու և անվտանգության զգացում ունենալու համար: Դասընթացը տեղի կունենա ժամը 14:00-ից 17:00-ն: Մասնակցության արժեքը 14000 դրամ։
Տրնդեզը «Ագուլեցի» տուն-թանգարանում
Փետրվարի 11-ին Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում կնշվի Տրնդեզի ազգային տոնը։ Մասնակիցները կվայելեն Ագուլիսի գաթայի պատրաստումը, կրակ վառելը և «Սեր ու Մերան» խմբի համերգը։ Ծրագիրը կմեկնարկի ժամը 12:30-ին։ Մասնակցության արժեքը 4000 դրամ է, երեք հոգանոց ընտանիքի համար՝ 7000 դրամ։