Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն՝ կառույցի 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով: Զեկուցվել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 22 000 անձի հաստատվել և վճարվել են կենսաթոշակները, ինչպես նաև շուրջ 1200 անձի՝ նպաստները, հայտնում է ՀՀ կառավարությունը։
Նշվում է, որ Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը և նրա տեղակալները ներկայացրել են ոլորտում իրականացված աշխատանքները։ Նախորդ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ Ծառայության միջոցով սոցիալական աջակցություններից օգտված կամ դրա համար Ծառայություն դիմած «ակտիվ» շահառուների թիվը կազմել է 501 329 անձ, որը 21.3%-ով կամ 87 966 անձով ավելի է, քան 2022-ին։
Անդրադարձ է կատարվել անապահովության գնահատման համակարգում հաշվառված և նպաստ նշանակված ընտանիքների վերաբերյալ 2021, 2022 և 2023թթ․ վիճակագրությանը, ինչը ցույց է տալիս, որ 2023թ․ նպաստառու ընտանիքների թիվն ավելի քիչ է (ընդհանուր առմամբ 2021-23թ․ տարբերությունը կազմում է -18.1% (15 799 ընտանիք)։ Նվազման միտումը պայմանավորված է ոչ միայն ընտանիքների կենսամակարդակի բարձրացման կամ կյանքի դժվարին իրավիճակների թվի նվազմամբ, այլև տարածքային կենտրոնների առավել թիրախային և մասնագիտական աշխատանքով։
Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ավելի կոնկրետ ինչի՞ հաշվին է նվազել նպաստառու ընտանիքների թիվը: «18 տոկոսով նվազել է մեր նպաստառու ընտանիքների թիվը, այսինքն` սա միայն վարչարարության հաշվին, որ այն ընտանիքները պիտի նպաստ չստանան, բայց ստանում են, մենք գնացել ենք, հայտնաբերել ենք և հանել ցուցակներից»,– նշել է վարչապետը։
Պատասխանատուները նշել են, որ 2021 թվականից նվազել է թիվը մինչև 82 հազարի, ու այսպես դինամիկան պահպանվել է: Նշվել է, որ 7-8 հազարով պակասել է նաև նպաստ ստանալու դիմողների թիվը։ «Այսինքն` մարդիկ ամեն տարի, որ պետք է գան, դիմեն, որ փաստագրվեն, ենթադրվում է, որ հասկացել են, որ իմաստ չունի դիմելը»,- ասել է ծառայության պետը:
Ըստ հաղորդագրության՝ սահմանամերձ համայնքներում 16 մլն դրամի տրամադրման միջոցով բնականների կառուցման ծրագրին փետրվարի 8-ի դրությամբ արդեն հաստատվել է 419 հայտ, որակավորվել է 214-ը։ Վարչապետը նշել է, որ այժմ միտում կա․ այլ բնակավայրերից մարդիկ գնում են սահմանամերձ գյուղում հող ձեռք բերում և ցանկանում դառնալ ծրագրի շահառու։ Պատասխանատուները նշել են, որ սահմանափակում չկա:
Ներկայացվել է նաև 114 թեժ գիծ ծառայության 2022-2023թթ․ կատարած աշխատանքը․ 2022թ․ համեմատությամբ՝ 2023 թ․ արձանագրվել է ստացվող զանգերի 202% աճ, այն է՝ եթե 2022թ․ ստացվել է 350 238 զանգ, ապա 2023թ․ զանգերի կենտրոնն ստացել է 1 057 829 զանգ։
2023-ի ընթացքում ՄՍԾ տարածքային կենտրոններում 86 842 աշխատանք փնտրող ստացել է խորհրդատվություն՝ զբաղվածության ծառայությունների վերաբերյալ: Հավաքագրվել է 12 421 թափուր աշխատատեղ, որից 1317-ը՝ նոր ստեղծված: Հավաքագրված թափուր աշխատատեղերի թիվը 2021-ի համեմատ աճել է շուրջ 50%-ով:
Գործատուների և գործընկերների հետ համագործակցության արդյունքում 2023-ին հարմար աշխատանքի առաջարկ է ստացել 16 933 մարդ, որը 2021-ի համեմատ աճել է 110%-ով: Իրականացված աշխատանքների արդյունքում նախորդ տարի աշխատանքի է տեղավորվել 10 878 անձ, ինչը 2021-ի համեմատ աճել է 7.5%-ով: Նշվել է, որ զբաղվածության ծրագրերի միջոցով աշխատանքի է տեղավորվել 3 733 մարդ։
Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման, աջակցող միջոցներով ապահովման վերաբերյալ նշվել է, որը 2023թ․ հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել 38 182 քաղաքացի, որից առաջին անգամ անձի ֆունկցիոնալության գնահատմամբ՝ 9 611 անձ, աջակցող միջոցներ ստանալու համար տրամադրվել է 24 024 պետական հավաստագիր, որոնց հնարավորություն ընձեռնել՝ ստանալու անվասայլակ, քայլակ, հենակ, ձեռնափայտ, ստորին և վերին վերջույթների պրոթեզ, լսողական սարք և այլն։
Նշվել է, որ 2021, 2022 և 2023թթ. Միասնական սոցիալական տարածքային կենտրոններում ընդունված դիմումների վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2023-ին ընդունված դիմումներն ավելի շատ են, ինչը պայմանավորված է 2023-ին իրականացված մի շարք օրենսդրական փոփոխություններով (այդ թվում՝ հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու իրավունքից օգտվեցին նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերը, ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների մասնակից թոշակառուներին նշանակվում է նաև պարգևավճար 5000 դրամի չափով և այլն):