Փետրվարի 25-ին (ժամը 12:00-18:00) Շառլ Ազնավուրի հրապարակում կանցկացվի «Երևանը կարդում է» խորագրով գրքի փառատոն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Հայաստանում գործող տասնյակ հրատարակչություններ տեղադրված տաղավարներում կներկայացնեն նոր հրատարակությունները, որոնք կարելի է գնել մինչև 30 տոկոս զեղչված արժեքով:
Միջոցառման ընթացքում (ժամը 12։00-13։00, 13:40-15:00) կգործի պոեզիայի անկյունը. ժամանակակից և անվանի հեղինակների ստեղծագործությունները կկարդան հայտնի դերասանները:
Փոքրիկների համար (ժամը 12:15-ից մինչև երեկո) կգործեն խամաճիկների շարժական թատրոնը, հեքիաթների ընթերցանության անկյունը,
կիրականացվեն վարպետաց դասեր, կկազմակերպվեն կինոթատրոն, ինտերակտիվ խաղեր, ժամանցային այլ ծրագրեր։
Միջոցառման ընթացքում կգործի «Գրադարան բաց երկնքի տակ» հարթակը:
Գրքառատ կիրակին համեմված կլինի երաժշտությամբ՝ ելույթ կունենան «Կաթիլ» (13:00-13:40), «Թմբաթա» (15:00-15:40) և «Նեմրա» (16:00-16:40) խմբերը:
Փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է գիրք նվիրելու տոնը։ Armenia Today-ը հարցում էր անցկացրել քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե որո՞նք են նրանց ամենասիրելի գրքերը, վերջին կարդացած գրքերը և թե ի՞նչ լեզվով ու տարբերակով են սիրում ընթերցել։